Կարևոր իրադարձություններ

Եվս մեկ մարզպետ հրաժարական ներկայացրեց

04 Հոկտեմբեր, 2018 15:30
Եվս մեկ մարզպետ հրաժարական ներկայացրեց

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է

«Հարգելի՛ լոռեցիներ, ստեղծված քաղաքական նոր իրավիճակի թելադրանքով, աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին:

Լոռու մարզպետի պաշտոնում ընդամենը չորս ամիս տևած իմ գործունեությունն անցավ աշխատանքային անչափ լարված ծանրաբեռնվածությամբ: Անընդմեջ այցելությունները համայնքներ, շարունակական ծրագրերի իրականացմանն ուղղված խորհրդակցություններն ու տեղերում շրջայցերը, գործնական տարբեր հանդիպումները, սահմանված օրերին և գրաֆիկից դուրս հարյուրավոր քաղաքացիների ընդունելությունը, տարբեր միջոցառումներին մասնակցելը և այլ բազմաբնույթ անհրաժեշտ գործեր, մեծ ծանրաբեռնվածություն էին, որը ես կրեցի տոկալով՝ մեր ժողովրդի, Հանրապետության կառավարության ու ինձ մարզպետի պաշտոնում առաջադրած քաղաքական ուժի նկատմամբ մեծ պատասխանատվությամբ:

Այս կարճ ժամանակամիջոցում մեծ արդյունքներ արձանագրելն, անշուշտ, անհնար էր, սակայն, հուրախություն բոլորիս, պարզորոշ ուրվագծվում էին մարզի զարգացման և ազգաբնակչության բարեկեցության ստույգ ակնկալիքները: Այս ընթացում ես բազմաթիվ նոր ծանոթություններ ունեցա, հիացա և հպարտացա մեր լոռեցիների աշխատասիրությամբ, հայրենասիրությամբ, հանրապետությունում տեղի ունեցած փոփոխությունների առիթով նրանց ուրախությամբ ու արարելու պատրաստականությամբ:

Այս ամենն ու բոլորդ, կմնաք իմ ամենավառ հիշողություններում: Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլոր համայնքապետերին, ավագանիների անդամներին, բոլոր ոլորտների աշխատողներին, մարզպետարանի աշխատակազմի իմ գործընկերներին՝ համատեղ ու նվիրված աշխատանքի համար:

Թավշյա հեղափոխության օրերին ես ևս, իմ կուսակիցների հետ, եղել եմ պայքարողների շարքերում և վստահ եմ, որ ժողովրդի կամքի արտահայտությունն ամենազոր է: Այսուհետ որտեղ էլ որ աշխատելու լինեմ, գործելու եմ հանուն մեր պետականության ամրապնդման, հանուն երկրի բարգավաճման ու ժողովրդի բարեկեցության: Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ, երջանկություն՝ անձնական կյանքում:

Հրանտ Մարգարյան

Լոռու մարզպետ

 

Լրահոս

Դիտել ավելին