Կարևոր իրադարձություններ

Համաներման սպասողները գուցե թշնամանքով վերաբերվեն ներկայիս իշխանություններին

04 Հոկտեմբեր, 2018 15:26
Համաներման սպասողները գուցե թշնամանքով վերաբերվեն ներկայիս իշխանություններին

Համաներում անցկացնելու մասին որոշման նախագիծը Կառավարությունում կքննարկվի, սակայն  դռնփակ: Այսօր այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Shabat.am-ը համաներման հարցի կարևորության և դռնփակ անցկացնելու պատճառների մասին զրուցեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցի հետ։ 

Ըստ Կարապետյանցի՝ ողջունելի է,  որ առհասարակ փորձել են քննարկել համաներման հարցը, քանի որ  տևական ժամանակ բոլորը սպասում էին հարցի լուծմանը, բայց այն չէր էլ բարձրաձայնվել։

Իսկ թե ինչու՞ է նիստը անցկացվելու դռնփակ, Նինա Կարապետյանցի կարծիքով կարող է կապված լինել մտավախությունների հետ․

«Հավանաբար կան հարցեր, որոնք որ քննարկվելու են  և մտավախություն ունեն, որ  կառավարության անդամների տեսակետները հետագայում վատ կանդրադառնան իրենց վրա և, այսպես ասած, թշնամանքով  կընդունվեն նրանց կողմից, որոնք սպասում են այդ համաներմանը։ Քանի որ համաներման հարցը շատ նուրբ է և հասարակության մի հատվածը գոնե սպասում է,  ենթադրում եմ, որ հենց  դա է պատճառը,  որպեսզի քննարկումները ավելորդ լարվածություն և բացասական վերաբերմունք չստեղծեն»,- ասաց Նինա Կարապետյանցը։

Հարցին, թե ներկա պահին մեզ անհրաժե՞շտ է համաներում,  թե՞ ոչ՝ Նինա Կարապետյանցն ասաց․

«Միանշանակ անհրաժետ է,  քանի որ մարտի 1-ի վերաբերյալ եվրոպական դատարանի որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է այն միտքը, որ Հայաստանի Հանրապետությունում չկա արդար դատաքննության իրավունք։ Անկախ նրանից մարդիկ մեղավոր են եղել,  թե անմեղ, հնարավորություն չեն ունեցել իրենց իրավունքներից  դատարաններում լիարժեք օգտվելու։ Հետևաբար շատ խնդրահարույց որոշումներ կան։ Բոլորի վրա դա պետք է տարածվի, թե ի՞նչ չափով յուրաքանչյուր հոդվածի վրա, դա արդեն քննարկելու հարց է։ Հեղափոխության նման մեծ իրադարձությունից հետո մեզ անհրաժեշտ են նման փոփոխություններ»։

 

Լրահոս

Դիտել ավելին