Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

 

ՀՅԴ-ն հանդես է եկել հայտարարությամբ

03 Հոկտեմբեր, 2018 21:22
ՀՅԴ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Հ.Յ.Դ –ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Վերջին քաղաքական զարգացումների կապակցությամբ հարկ ենք համարում որոշակի պարզաբանումներ ներկայացնել մի շարք հարցերի հետ կապված մեր մոտեցումների և դիրքորոշումների վերաբերյալ։

1.      Ազգային համաձայնության կառավարությանը մաս կազմելու Հ.Յ.Դ. որոշումը պայմանավորված է եղել համաժողովրդական շարժումը արդյունավորելու, երկիրը առանց ցնցումների զարգացման նոր հուն տեղափոխելու անկեղծ մղումով։ Մենք հավատարիմ ենք եղել մեր պայմանավորվածություններին և փորձել ենք համախոհությամբ կարգավորել բոլոր առաջացող խնդիրները՝ անկախ անցնող ամիսների ընթացքում արտաքին և ներքին քաղաքական տարբեր հարցերի վերաբերյալ տարակարծիք մոտեցումներից և գործելաոճի տարբերություններից։

2.      Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավից մեկնարկած գործընթացը արհեստականորեն լարվածություն հաղորդեց ներքաղաքական կյանքին։ Հասարակությանը բարիկադներով տարանջատելու, քաղաքական ուժերին հանիրավի կերպով «սև ու սպիտակի» բաժանելու փորձը, ըստ էության, հարցականի տակ դրեց գործընկերային հարաբերությունները, իսկ հետագա զարգացումները փաստեցին, որ դրա համար վստահության պաշարը հասել է նվազագույնի։ Ազգային համաձայնության կառավարությունից դուրս գալու որոշումը այդ պայմաններում ուղղակի անխուսափելի էր։

3.      Շահարկումների տեղիք տված «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը˒ որին կողմ է քվեարկել Հ.Յ.Դ. պատգամավորական խմբակցությունը˒ որևէ կերպ նպատակ չի ունեցել ձախողել արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ բանակցային գործընթացը, ընդհակառակը՝ այն միտված է եղել երաշխավորել սահմանադրական ճանապարհով և բացառապես իրավունքի ուժով Ազգային ժողովի արձակումը։ Մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը հստակ ամրագրված է կառավարության գործունեության ծրագրում և որևէ կերպ չի վիճարկվել։ Սակայն հարկ է նկատի ունենալ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ի սկզբանե ենթադրում էր հստակ քայլեր և գործողություններ ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների իրականացման ուղղությամբ՝ իրապես ազատ˒ արդար˒ թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նպատակով։ Այս առումով կարևոր է նաև˒ որ մինչև խորհրդարանական ընտրությունները անդրադարձ կատարվի ՀՀ ոստիկանության կարգավիճակի փոփոխության հարցին` նրա գործունեությունն ավելի լայն հանրային և խորհրդարանական վերահսկողության տակ դնելու համար˒ ինչը նաև պայմանավորված է ընտրական գործընթացներում ոստիկանությանը կառավարության գործունեության ծրագրով վերապահված դերակատարությամբ։

4.      Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամկետը ամենակարևոր հարցը չէ օրակարգում: Առավել կարևոր է ընտրությունների անցկացման որակը և դրա համար քաղաքական և բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը, իրավական և կազմակերպական նախադրյալների ստեղծումը: Օր առաջ քվեարկություն կազմակերպելու ցանկությունը վտանգում է մրցակցային ընտրությունների կազմակերպումը և նպաստավոր պայմաններ է ստեղծում իշխող քաղաքական ուժի համար: Համախոհությամբ˒ հստակ Ճանապարհային քարտեզով արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգը, հակահեղափոխության վտանգի պատրվակով վիժեցնելու և չհիմնավորված փաստարկներով հապշտապ անցկացնելու փորձը անընդունելի նկատելով՝ խորապես համոզված ենք, որ պարտադրանքով և սպառնալիքներով տեղի ունեցող քաղաքական գործընթացները երկիրը չեն կարող տանել ճիշտ ճանապարհով։

5.      Ազգային ժողովի և պատգամավորի՝ սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիության փաստացի վերացմանն ուղղված բռնությունը կամ բռնություն գործելու սպառնալիքը միտված են խաթարելու ընտրությունների կազմակերպման բնական ընթացքը: Ուստի գործադիր իշխանությունը˒ այդ թվում՝ իրավապահ մարմինները ոչ միայն պարտավոր են բացահայտել  և վերացնել նման երևույթները, այլ նաև քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

6.      Համոզված ենք, որ իրավիճակը սրելու˒ պայմանավորվածությունները խախտելու և դավադրությունների կեղծ մեղադրանքները հասարակության ուշադրությունը ընտրությունների համար ազատ և մրցակցային պայմաններ ապահովելու հրամայականից շեղելու փորձեր են: Ստիպված ենք արձանագրել˒ որ գործ ունենք ուղղակի ժողովրդավարության անվան տակ Հայաստանում քաղաքական մենիշխանություն հաստատելու նորօրյա փորձի հետ։ Վերադարձն անցյալին բացառված է˒ բայց որպեսզի ներկան և ապագան լինեն երաշխավորված՝ անհրաժեշտ է չկրկնել նախկին սխալները։ Համոզված ենք˒ երկխոսության հնարավորություն դեռ կա և քաղաքական ուժերի համախոհությամբ կարելի է գտնել իրավիճակի հանգուցալուծման ճիշտ ճանապարհը»։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին