Կարևոր իրադարձություններ

Եթե պարզվի, նրանք կստանան շատ խիստ հակահարված օրենքի կողմից. Փաշինյանը Միհրան Պողոսյանի մասին

03 Հոկտեմբեր, 2018 18:21
Եթե պարզվի, նրանք կստանան շատ խիստ հակահարված օրենքի կողմից. Փաշինյանը Միհրան Պողոսյանի մասին

Կառավարություն-Ազգային Ժողով հարց ու պատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ արդյոք նա տեղյակ է, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը երեկոյան հանրահավաքից հեռացող քաղաքացիներին հայհոյել է:  

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հայտարարեց, որ այդ միջադեպը վկայում է այն մասին, որ ուժային կառույցներն իր հնչեցրած հրահանգը լավ չեն կատարել. «Որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իմ հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխների եւ նրանց թիկնապահների պետք է պառկեցնել ասֆալտին: Այ, եթե պատշած ձեւով այդ հրահանգը կատարած լինեին, երեկվա միջադեպը, կարծում եմ ՝ չէր լինի: Ես համոզված եմ, որ նրանք բացթողնվածը անպայման կլրացնեն»:

Փաշինյանն ասաց, որ քննությունը կպարզի՝ դրանք Միհրան Պողոսյանի թիկնապահներն են եղել, թե ոչ:

«Եթե պարզվի, որ նա այդպիսի պահվածք է ցուցաբերել, սա կնշանակի, որ նա, այնուամենայնիվ, լավ չի հասկացել այն, ինչ կատարվել է այդ սենյակում եւ լավ չի հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ես ուղիղ եմ ուզում ասել, որ ես երեկ զգացի, որ առավել մեծ ջանքեր են պահանջվում ինձնից, որպեսզի մեր հայրենակիցներին հասանելի դարձնեմ իմ հորդորները, որ ԱԺ պատգամավորների եւ հատկապես ՀՀԿ-ականների նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողական վերաբերմունք:

Եթե պարզվի, որ որեւէ ՀՀԿ-ական, ոչ ՀՀԿ-ական, մեր կուսակցությունից, կապ չունի, որեւէ պատգամավոր, որեւէ պատգամավորի ուղեկցող անձինք այդպիսի պահվածք են ցուցաբերում, նրանք կստանան շատ խիստ հակահարված օրենքի կողմից: Ես հույս ունեմ, որ օրենքն այնքան զորեղ կգտնվի, որ քաղաքացիներն իրենց բավարարված կզգան դրանից: Չի ստացվի, որ Միհրան Պողոսյանը եւ նրա նմանները Երեւանի փողոցներում քայլելու պրոբլեմ ունենան: Ես ուզում եմ զգուշացնել բոլոր նրանց, որոնք այդպիսի արարքների հեղինակներ են, որ շատ հաստատուն քայլերով գնում են այդ ուղղությամբ: Մեր ուժերը կարող են չբավարարել, որպեսզի ոմանց Երեւան քաղաքում հանգիստ քայլելու իրավունքը կարողանանք պատշաճ ձեւով կազմակերպել: Այնպես որ, ես կարող եմ ասել, որ իրավապահները պետք է շատ կտրուկ գործեն եւ իմ տեղեկություններով, այդ գործով կան բերման ենթարկվածներ»,-հայտարարեց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին