Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզպետը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

03 Հոկտեմբեր, 2018 17:10
Հեղինակ՝ Աշոտ Սիմոնյան
Արագածոտնի մարզպետը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել և տարածել իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի′ և արդեն հարազատ դարձած գործընկերներ, Արագածոտնի մարզի սիրելի′ ժողովուրդ, պայմանավորված վերջին ներքաղաքական իրադարձություններով և հիմք ընդունելով Հ.Յ.Դաշնակցության 02.10.2018թ. հայտարարությունը՝ իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին, այսօր դարձյալ թողնում եմ ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնը: 

Մեկ տարին, անշուշտ, բավարար չէր իրագործելու համար այն բոլոր ծրագրերը, որոնք կնպաստեին մարզի զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: 

Այնուամենայնիվ, իմ ամենօրյա և հետևողական աշխատանքով փորձել եմ ամեն կերպ կյանքի կոչել այն տեսլականը, որն ունեի մարզի, ինչու չէ նաև երկրիս զարգացման համար:

 
 



Որպես մարզի հոգսերին քաջատեղյակ մարդ՝ արել եմ ամեն ինչ, որ մարզի բնակիչը ի դեմս մարզպետի տեսնի ոչ թե պաշտոնյայի, այլ իր հոգսը կիսող սրտացավ մարդու: 

Կարծում եմ, որ հաջողել եմ, և դրա վկայությունը նաև այն արձագանքն է, որ ստացել եմ ձեզանից, իմ սիրելի′ արագածոտնեցիներ:

Ուրախ եմ, որ դեռևս 2017թ. հուլիսից ինձ համար առանցքային սկզբունք դարձրած ազնիվ աշխատանքն ու արդարության պահանջը այսօր դարձել է նաև հասարակության կամքը:

Սիրելի′ գործընկերներ, շնորհակալ եմ համատեղ աշխատած այս ժամանակահատվածի համար: 

Շնորհակալ եմ, որ ձեր վստահությամբ և աշխատանքով օգնեցիք կյանքի կոչելու մի շարք ծրագրեր, հասնելու շոշափելի արդյունքների և գրանցելու ձեռքբերումներ տարբեր ոլորտներում:

Չորս ամիս առաջ, երբ վերանշանակվեցի ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնում, լի էի հավատով, կիսատ թողածս շարունակելու անկոտրում կամքով՝ նոր իրականությունը դիտելով որպես ծրագրերիս իրականացման պարարտ հող, այսօր, սակայն, հեռանում եմ մտահոգությամբ և տագնապով: 

Հարգելի′ գործընկերներ, պարզապես յուրաքանաչյուրս պետք է գիտակցի, որ հենց իրենից է սկսվելու այն փոփոխությունը, որն ինքն ակնկալում է:

Խաղաղություն երկրիս, և Աստված պահապան մեզ՝ բոլորիս»,-գրել է Աշոտ Սիմոնյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին