Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան հայտարարություն է տարածել, որում կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին խոսքով և գործով հարգել ժողովրդավարական սկզբունքները և օրենքի գերակայությունը:
Լովոչկինան մասնավորապես նշել է, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները հստակորեն ցույց են տվել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Միաժամանակ, մասնակցության ցուցանիշը ցույց է տվել, որ քաղաքական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը դեռևս ցածր է:
«Չափազանց կարևոր է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները բոլոր քաղաքական մրցակիցների և շահագրգիռ կողմերի կողմից ընկալվեն և ընդունվեն որպես ժողովրդավարական և արդար: Չնայած մենք հասկանում ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչը՝ կոչ ենք անում իշխանություններին և բոլոր քաղաքական շահագրգիռ կողմերին երաշխավորել, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն եվրոպական չափանիշներին և ժողովրդավարական ընտրությունների համար անհրաժեշտ նորմերին համապատասխան և որ բոլոր քաղաքական ուժերը կունենան պատշաճ և բավականաչափ ժամանակ ընտրություններին պատրաստվելու համար»,- ասված է հայտարարությունում:
Լովոչկինան ընդգծել է, որ ծանկացած փոփոխություն պետք է լիարժեքորեն հարգի Վենետիկի հանձնաժողովի ցուցումները, ներառյալ՝ ընտրական օրենսդրության կայունության առնչությամբ:
«ԵԽԽՎ-ն բազմիցս ողջունել է Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական իշխանափոխությունը, այդ թվում՝ իշխանությունների հավաստիացումները ժողովրդավարական սկզբունքները հարգելու և դատական համակարգում քաղաքական միջամտությունների անընդունելիության մասին»,- հավելել է:
Մեկնաբանություններ