Կարևոր իրադարձություններ

Ոչ մի օրենքով կամ սահմանադրությամբ հնարավոր չէ կասեցնել պատմության ընթացքը. քաղաքագետ

03 Հոկտեմբեր, 2018 15:03
Ոչ մի օրենքով կամ սահմանադրությամբ հնարավոր չէ կասեցնել պատմության ընթացքը. քաղաքագետ

Հայաստանում այժմ տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների և  դրանց հնարավոր զարգացումների  մասին Shabat.am  լրատվականը զրուցել է քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ:

Անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերին՝ քաղաքագետը նշեց, որ կարող ենք ասել՝ տրամաբանորեն կանխորոշված էր այս ամենը:

«Սեպտեմբերի 23-ից հետո ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն արդեն խիստ կասկածներ ունեցան, որ իրենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պայմաններում, հատկապես ՀՅԴ-ն խորհրդարան չի անցնելու, ինչպես նաևՀՀԿ-ն չի անցնելու, իսկ ԲՀԿ-ն եթե անցնի էլ, շատ քիչ ներկայացվածություն կարող է ունենալ: Նրանք ուղղակի փորձեցին օրենքի մի նախագծով հետաձգել ԱԺ արտահերթ ընտրությունները և իրենց թվաց, որ եթե իրենք այդպիսի օրենքի նախագիծ ընդունեն ԱԺ-ն չի լուծարվի , իրենք կմնան ԱԺ-ում և հետագա զարգացումները կլինեն իրենց օգտին: Կոպտագույն սխալ արեցին, քանի որ նրանք խիստ ակտիվացրին մարող հեղափոխական էյֆորիան»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև երեկ վարչապետի կողմից արված հայտարարությանը, ըստ որի՝ ամենայն հավանականությամբ արտահերթ ընտրությունները տեղի կունենան իր հրաժարականի միջոցով:

«Դա ամենակարճ ժամանակահատվածն է  արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար : Այսինքն՝ վարչապետը հրաժարական է տալիս, ԱԺ ուժերը չեն կարողանում վարչապետ ընտրել, որովհետև շատ հնարավոր է կա՛մ պայմանավորվում են, կա՛մ էլ ԱԺ շենքը շրջափակվում է,  նրանք նիստերը չեն կարողանում անել և  վարչապետ չի ընտրվում, որից հետո սկսվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացը»:

Քաղաքագետը մեկնաբանեց նաև նախարաներին ազատելու որոշումը.

«Միանշանակ ճիշտ որոշում էր վարչապետի կողմից, իսկ այն ուժերը, որոնք հասցրին դրան կոպտագույն սխալ գործեցին: Սեպտեմբերի 23-ից հետո այդ ուժերը պետք է տարանջատվեին, շատ արագ փոխեին իրենց իմիջը,  սակայն նրանք  շարունակեցին տապալել իրենց նախարարներին կառավարության կազմում: Փաստորեն ստացվում է, որ նրանք այս ժամանակահատվածը օգտագործում են, զուտ պետությունից աշխատավարձ ստանալու համար որպես պատգամավորներ: Ստացվեց, որ սպասել մինչև հաջորդ տարվա մայիսը՝  դառնում է անիմաստ: Նրանք ընտրեցին կառավարությունից տարանջատվելու ամենաանհաջող տարբերակը՝ նույնականացվեցին Հանրապետականի հետ: Իրենց թվաց, որ եթե օրենքի նախագիծ ընդունեն ըստ որի երկրագունդը չի պտտվում Արեգակի շուրջը, ուրեմն երկրագունդը կդադարի պտտվել Արեգակի շուրջը: Ոչ մի օրենքով, կառավարության որոշումով, նախագահի հրամանագրով կամ սահմանադրությամբ հնարավոր չէ կասեցնել պատմության ընթացքը: Նրանք գնացին այդ ճանապարհով, և հիմա վարչապետը շատ հանգիստ կարող է ասել՝ բա որ ավագանու ընտրությունների ժամանակ ասում էինք, որ սև ու սպիտակներ կան, ասում էիք այդպես չէ: Փաստորեն ստացվեց, որ դա այդպես էր»:

 

Լրահոս

Դիտել ավելին