Կարևոր իրադարձություններ

Հակաիշխանական ուժերը այժմ բացարձակապես հայտնվել են մինուսային ելման կետում. քաղաքագետ

03 Հոկտեմբեր, 2018 13:14
Հակաիշխանական ուժերը այժմ  բացարձակապես հայտնվել են մինուսային ելման կետում. քաղաքագետ

Երեկ  երեկոյան ԱԺ-ում տեղի ունեցած ՀՀԿ-ի արտահերթ նիստի, վարչապետի կողմից արված հայտարարությունների և ներկա քաղաքական իրավիճակի մասին Shabat.am լրատվականը  զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ, ում կարծիքով  դեպքերի նման զարգացումը սպասելի էր:

«Երևանի ավագանու ընտրություններից հետո թվացյալ էր այն կարծիքը, թե լարվածությունը թուլանում է: Ճիշտ հակառակը՝ այդ ընտրությունները ակնհայտորեն այլ մոտիվացիաներ բերեցին քաղաքական դաշտ: Նիկոլ Փաշինյանը չափազանց վստահ է և իր ոտքի տակ հողը ամուր է զգում: Իսկ վարչապետը որքան  այդ 81%-ով իրեն վստահ է զգում, այդքան տոկոսով էլ իրեն վտանգաված է զգալու ՀՀԿ-ն և նաև  ավագանու ընտրություններում քաղաքական դաշտում իրենց տեղի բացակայությունը ֆիքսած մյուս քաղաքական ուժերը:»

Հարցին, արդյոք արդարացվա՞ծ է վարչապետի այդչափ վստահությունը, քաղաքագետը պատասխանեց.

«Միանշանակ այո: Քաղաքական տեսանկյունից դա անխոցելի է: Ով էլ լիներ Փաշինյանի փոխարեն այդ վսահությունը նրան գործելու մանդատ էր տալու»:

Անդրադառնալով վարչապետի հրաժարականի միջոցով  արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելուն՝ քաղաքագետը նշեց.

«Տարբերակները շատ չեն: Իմ կարծիքով դրան հասնելու երեք ճանապարհ կա՝ առաջինը, եթե բոլորով գային համաձայնության և դեկտեմբերին ընտրություններ լիներ ու ԱԺ-ն ինքնալուծարվեր: Երկրորդը՝ եթե ժողովրդական ստորագրություններով սահմանադրական փոփոխություններ արվեին, սակայն, դա ժամանակային առումով շատ երկար էր լինելու և դեկտեմբերին այդպիսի ընտրություններ տեղի չէր ունենալու: Կարծում եմ՝ վարչապետը հենց այդ  պատճառով չընտրեց այս տարբերակը: Եվ երրրորդ տարբերակը, որ կառավարությունը ինքը գնում է ինքնահրաժարականի՝ ի դեմս վարչապետի, և այդ դեպքում ժամանակացույցը հստակ է»:

Այն հարցին, թե արդյոք արժե՞ վստահել մյուս քաղաքական ուժերին՝ վարչապետի հրաժարականի միջոցով արտահերթ ընտրություններին հասնելու գործընթացում, քաղաքագետը պատասխանեց.

«Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեսնում է այդ  վստահությունը ժողովրսի կողմից և քիչ մտահոգվելու բան ունի: Այստեղ միակ խաղացողը ժողովուրդն է, որի հարցում միայն Նիկոլ Փաշինյանը ունի վսահություն, մնացածները շատ լուրջ խնդիր ունեն»:

Խոսելով նախարարների ազատման որոշման մասին Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ դա ճիշտ որոշում էր:

«Ուղղակի բացառված էր նման պահվածքից հետո կառավարությունում նրանց պահելը: Ավելին՝ նրանք այդ վերջին փոքրիկ հույսը ունեին, որ վարչական լծակների անուղղակի տիրապետմամբ կարող են ինչ-ինչ քվեներ ստանալ: Այժմ նրանք բացարձակապես հայտնվել են մինուսային ելման կետում»:

 

Լրահոս

Դիտել ավելին