Կարևոր իրադարձություններ

Արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն 1 տարվա ընթացքում․ Գալուստ Սահակյան

03 Հոկտեմբեր, 2018 12:45
 Արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն 1 տարվա ընթացքում․ Գալուստ Սահակյան

«Քաղաքական ուժերը պետք է ժամանակ ունենան նախապատրաստվելու»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աժ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, հավելելով, որ իրենց համար ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար նպատակահարմար ժամանակահատվածը 2022թ․-ն է։ Դիտարկմանը, թե ԱԺ-ն կողմ է քվեարկել կառավարության ծրագրին, ըստ որի՝ մեկ տարվա ընթացքում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, Սահակյանը պատասխանեց․ «Դրա համար մեկ տարվա ընթացքում կարելի է կատարել դա, եթե քվեարկել ենք, ուրեմն 1 տարի հետո պետք է լինեն արտահերթ ընտրությունները»։

Գալուստ Սահակյանը հերքեց, որ երեկ որևէ մեկը համաձայնության է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ «Ես գնում եմ այն ճանապարհով, ինչը ընտրել եմ, վերջին հաշվով շատ եք խոսում Փաշինյանի մասին, մեկ հոգով պետություն չեն ստեղծում։ Մենք մտել ենք խորհրդարանական կառավարման ձևի մեջ։

Իրավիճակի հանգուցալուծումը, յուրաքանչյուր պետության ճանապարհը,  որոշում են քաղաքական կուսակցությունները, այդ իմաստով անհրաժեշտ է բանակցել միմյանց հետ և ճիշտ որոշման գալ»։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ եթե ինքը հրաժարական տա, ապա մյուս ուժերը թեկնածուներ չեն առաջադրի, կարելի է ասել, որ Հանրապետական կուսակցությունը ևս  թեկնածու չի առաջադրելու, պատգամավորը պատասխանեց․ «Նման հարց դեռևս չենք քննարկել»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին