Կարևոր իրադարձություններ

Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին կմասնակցեն 26 պետության ղեկավարներ

02 Հոկտեմբեր, 2018 13:52
Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին կմասնակցեն 26 պետության ղեկավարներ

Պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանը  հայտարարել է, որ Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին կմասնակցեն 26 պետության ղեկավարներ: 
«Ներկայումս այդքան երկրների ղեկավարներ են հաստատել իրենց մասնակցությունը, հնարավոր է՝ թիվը փոխվի: Իրենց մասնակցությունն են հաստատել երկու փոխնախագահներ, Մոնակոյի արքայազնը, 9 վարչապետ, 3 փոխվարչապետ: Դա այս պահի դրությամբ: Մենք դեռ ունենք գրանցման համար մի քանի օր ժամանակ, այս թիվը կարող է աճել: Իր բովանդակությամբ այս միջոցառումն իսկապես աննախադեպ է լինելու՝ կապված նաև Հայաստանի հանդեպ մեծ հետաքրքրությամբ: Եթե համեմատենք  Ֆրանկոֆոնիայի նախորդ միջոցառումների հետ, ապա կարող ենք ասել, որ այս միջոցառումը ներկայացուցչական առումով առանձնանում է»,- նշել է  նա: 

Նրա կարծիքով՝ Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով կազմակերպել բոլոր մասնակիցների այցելությունը, դրա համար բավականին երկար ժամանակ ՀՀ պետական կառույցներն աշխատում են: ԱԳ նախարարի Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Վահագն Աթաբեկյանն էլ նշել է, որ  ուրախանալ կարելի է այն վերաբերմունքից, որ կա գագաթնաժողովի նկատմամբ Հայաստանի հասարակության լայն շրջանակներում: 

«Կա ընկալում, որ ավելի շատ այս միջոցառումը կապվում է տոնակատարության հետ: Ասեմ, որ դա լիովին համապատասխանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության սկզբունքներին և արժեքներին: Այդուհանդերձ, կազմակերպությունն ունի իր բովանդակային հարցերը, խնդիրները: Այս առումով կուզենայի 3 բացվածք առանձնացնել. գագաթաժողովի արդյունքում ընդունվելու է երևանյան հռչակագիր, երկրորդ փաստաթուղթը լինելու է կոչ՝ «Ապրել միասին», երրորդն այն է, որ գագաթնաժողովի ընթացքում ընդունվելու են բանաձևեր: Այս երեք բացվածքները միասին պետք է արտացոլեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջիկա տարիների անելիքներն ու ծրագրերը»,- նշել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին