Կարևոր իրադարձություններ

Նոր խորհրդարանում կլինի երեք, առավելագույնը՝ չորս ուժ. հներից ո՞ր ուժերը կմնան ԱԺ-ում. «Փաստ»

02 Հոկտեմբեր, 2018 08:54
Նոր խորհրդարանում կլինի երեք, առավելագույնը՝ չորս ուժ. հներից ո՞ր ուժերը կմնան ԱԺ-ում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Տարբեր կարծիքներ են հնչում, թե Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ հիմնականում քաղաքական դաշտը խիստ սահմանափակ է, հեշտ մոնոպոլիզացվող, ուր առանց այն էլ բավականին շատ կուսակցություններ կան գրանցված, այս դաշտը հագեցած է: Սակայն պարզվում է, որ քաղաքագիտական տեսանկյունից՝ կուսակցությունների թվի մեծ կամ փոքր լինելն այնքան էլ էական չէ: Կարեւորը քաղաքական դաշտը ո՛չ ամայանա, ո՛չ էլ մոնոպոլիզացվի, քանի որ երկու դեպքում էլ դրան հաջորդում է ճահճացման պրոցեսը: 

Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի կարծիքով, Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսներն ու խմորումները տիպիկ հետհեղափոխական երեւույթներ են հիշեցնում, ինչը սովորաբար իր հետ բերում է ոչ միայն նոր կուսակցությունների ստեղծման, այլեւ լուրջ վերադասավորումների: Եվ եթե մինչ հեղափոխությունը քաղաքական համակարգին ավելի բնորոշ էր ավտորիտարիզմը, որի հետեւանքով ձեւավորվել էր բազմակուսակցականության կեղծ համակարգ, ապա հիմա՝ հեղափոխությունից հետո, փլուզվել է նաեւ հին քաղաքական համակարգը եւ քաղաքական դաշտում վակուում է առաջացել:

«Այստեղ հարցն այն է, թե նախկինում քաղաքական կյանքը տնօրինող ուժերը կկարողանա՞ն մնալ խորհրդարանում, թե՞ նորաստեղծ կուսակցությունները կզբաղեցնեն նրանց տեղը եւ կլրացնեն այն վակուումը, որը կա: Չնայած, պարզ է, որ ապագա խորհրդարանում 50 եւ ավելի տոկոսը ստանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քանի որ այն դեռեւս շարունակում է իր քաղաքական վերելքը: Եթե կուսակցությանը հաջողվի առաջիկա մեկ–երկու տարում սոցիալ–տնտեսական արդյունքներ արձանագրել, ապա կուսակցության վարկանիշը կշարունակի բավականին բարձր մնալ»,– ասաց Գ. Քեռյանը:

Քաղաքագետը չբացառեց նաեւ, որ ՀՀԿ–ն կարող է անգամ դուրս մնալ առաջիկա խորհրդարանից: Եվ դա գիտակցելով է, որ խորհրդարանը չլուծարելու համար ամենաշատն ինքն է պայքարում: Եվ եթե ընտրությունները տեղի ունենան մինչեւ դեկտեմբեր, ապա չի բացառվում, որ ՀՀԿ–ի փոխարեն խորհրդարանում հայտնվեն անգամ նոր ձեւավորված կուսակցությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին