Կարևոր իրադարձություններ

Փողոց դուրս գալով պառլամենտ չեն ձևավորում. Բաղդասարյանը ամփոփեց վարչապետի հետ հանդիպումը

01 Հոկտեմբեր, 2018 22:14
Փողոց դուրս գալով պառլամենտ չեն ձևավորում. Բաղդասարյանը ամփոփեց վարչապետի հետ հանդիպումը

 «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ամփոփեց իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Մենք չէինք նստել որոշում կայացնելու, մենք եկել էինք ապագա բանակցությունների համար պայմանավորվածություններ ձեռք բերելու, և դրանք ձեռք ենք բերել:

«Մենք պետք է այնպիսի խորհրդարան ձևավորենք, որտեղ լինի իրական ընդդիմություն, դրա համար ժամանակ է պետք, որ քաղաքական ուժերը կարողանան նախապատրաստվել»,-ասաց նա և նշեց, որ դեռ պետք է ընտրական փոփոխությունները քննարկեն, և շուտափույթ կազմակերպման դեպքում քաղաքական ուժերը հնարավորություն չեն ունենա նախապատրաստվելու ընտրություններին:

 «Պետք է հնարավորություն և ժամանակ տրվի քաղաքական ուժերին, որ նախապատրաստվեն նոր ընտրություններին»,- ասաց նա և նշեց, որ եթե քննարկման արդյունքում լինի անհրաժեշտություն՝ այդ ճանապարհով կգնան:

 Հարցին՝ մտավախություն չունի, որ ժողովուրդը դուրս կգա փողոց, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այդ ամբողջ պատասխանատվությունը իշխանությունն է կրում:


«Փողոց դուրս գալով պառլամենտ չեն ձևավորում»,- ասաց նա:

«ՀՀԿ» խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենց քայլերը լինելու են ընտրություններին նախապատրաստվելը. հերթական թե արտահերթ՝ բանակցությունները ցույց կտան:

«Մենք լիարժեք քաղաքական պառլամենտ պետք է ունենանք, որ իշխանությանը հարիր ընդդիմություն ձևավորվի, և դրա համար ժամանակ է պետք, և ոչ թե ոգևորության, այլ ճիշտ գնահատականների արդյունքում խորհրդարան պետք է ձևավորվի»,- ասաց նա:

Մանրամասների վերաբերյալ նա նշեց, որ դա իր և վարչապետի գաղտնիքը թող մնա, քանի որ քննարկումները չեն ավարտել: Նա ընդգծեց, որ ինքը բանակցում էր խմբակցության 49 անձանց անունից:

 Ամեն դեպքում, Վահրամ Բաղդասարյանը քննարկումների մեկնարկը հաջող համարեց, նշեց, որ առաջարկություն չեն արել և եկել են համաձայնության հետագա հանդիպումների շուրջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին