Կարևոր իրադարձություններ

Հայտնի են Հայաստանի 9 մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեկնածուները

01 Հոկտեմբեր, 2018 21:36
Հայտնի են Հայաստանի 9 մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեկնածուները

Հայաստանի 9 մարզերում հոկտեմբերի 21-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ: Սեպտեմբերի 30-ին թեկնածուների առաջադրումն ավարտվել է:

Հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունները տեղի են ունենալու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 43 համայնքներում: Համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու մրցապայքարին մասնակցելու է 152 թեկնածու, որոնցից 16-ը ներկայացնում են Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, 3-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, 2-ական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցություններից, 1 թեկնածու Լուսավոր Հայաստան կուսակցությունից, իսկ 128-ն անկուսակցական են: Համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար միայն 2 թեկնածու է առաջադրվել սեփական կուսակցության կողմից, մնացածն ինքնաառաջադրվել են:

 Ամենաշատ թվով թեկնածուներն ունի Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) համայնքը: Այստեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են 14 թեկնածու: Նրանց թվում է նաև համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:

Կոտայքի մարզի Հրազդան համայնքում քաղաքապետի 5 թեկնածու կա: Այստեղ ընտրություններին մասնակցելու համար ինքնաառաջադրվել է նաև ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով նույնպես ՔՊ անդամ է:

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի համայնքապետի պաշտոնի համար պայքարին 4 թեկնածու է մասնակցելու: Նույնքան է նաև Սյունիքի մարզի Կապան համայնքում առաջադրված թեկնածուների թիվը:

Արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին և կավարտվի հոկտեմբերի 19-ին: Հերթական ընտրությունների քարոզարշավը տեղի կունենա հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 19-ին:

 

Տվյալները ՝ elections.am կայքից:

 

Լրահոս

Դիտել ավելին