Կարևոր իրադարձություններ

Դռան մոտ կանգնողից սկսած՝ ամեն մեկն իր «գումարն» ունի. Արտակ Խաչատրյան

01 Հոկտեմբեր, 2018 15:53
Դռան մոտ կանգնողից սկսած՝ ամեն մեկն իր «գումարն» ունի. Արտակ Խաչատրյան

Այսօր վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը հայտարարել է, որ Մասքային ծառայությունում իրականացվող բարեփոխումները կաբինետային խոսակցություններ են, այս ոլորտում առաջընթաց չկա։

 «Ամոթ ա, 20 տարում գոնե մի 20 քայլ պիտի առաջ գնայինք, բայց մի 220 քայլ հետ ենք գնացել ու, երբ լուրջ դեմքով հայատարարում են, որ բարեփոխումների ճանապարհին են, դա ընդամենը կաբինետային խոսակցություններ են»,–ասել է  նա՝ պնդելով, որ «Նորագավիթի» մաքսատանը շարունակ հերթեր են եւ դրանք կանխելու համար մաքսային ծառայությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի։

Նշենք, որ այսօր ավտովարորդները բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան «Նորագավիթ» մասնաճյուղի մոտ։

«Պահանջում ենք, որպեսզի վարորդներին արժանապատիվ դիմավորեն ու ճանապարհեն, փնթիություն չցուցաբերեն, երկակի ստանդարտներ չկիրառեն, ոչ թե ով կամայական, խելիքն՝ ինչ բրդի, առավոտը հորոսկոպն ինչ ասի՝ տենց զարթնեն ու տենց էլ մաքսազերծեն»,– ասել է Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ մեքենաների մաքսազերծումը պետք է իրականացվի հնարավորինս պարզեցված ընթացակարգով. պետք է մարդկանց ակնհայտ լինի մաքսազերծման արժեքը, ներկայացված փաստաթղթերի ցանկը։

 «Ամեն ինչ պետք է տրամաբանություն ունենա եւ ցինիզմ չունենա։ Դռան մոտ կանգնողից սկսած՝ ամեն մեկն իր «գումարն» ունի։ Կարծես էս հեղափոխպությունից հետո չեն էլ հրաժարվել դրանից»,– նշել է  նա եւ հավալել, որ եթե իրենց պահանջները չիրագործվեն՝ դարձյալ բողոքի ակցիա կիրականացնեն։

 

Լրահոս

Դիտել ավելին