Կարևոր իրադարձություններ

Մարզպետն ինձ առաջարկել է հրաժարական տալ, բայց չեմ տալու. Ուրցաձորի գյուղապետ

01 Հոկտեմբեր, 2018 14:27
Մարզպետն ինձ առաջարկել է հրաժարական տալ, բայց չեմ տալու. Ուրցաձորի գյուղապետ

Մարզպետն ինձ առաջարկել է հրաժարական տալ, բայց չեմ տալու. Ուրցաձոր գյուղապետ

Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը այսօր հայտարարել է, որ  որեւէ կուսակցության անդամ չէ և հավելել, որ ինքը համայնքապետարանի աշխատակիցներին չի ասել, թե պետք է դառնալ որեւէ  կուսակցության անդամ։

«Իմ կուսակցությունն իմ համայնքն է», - նշել է համայնքապետը։

Ռաֆիկ Անդրեասյանը ներկայացրել է, որ գյուղում իր դեմ բողոքի ակցիաները կազմակերպել է «Վայրի բնության եւ արժեքների պահպանման հիմնադրամ» նախկին աշխատակից Մանուկ Մանուկյանը եւ իրեն մեղադրում է չարաշահումների մեջ։

«Նա տնօրենի հետ խնդիրներ ուներ, ես իրեն ուղղորդել ու ասել եմ՝ գնացեք, ձեր խնդիրները ինքներդ լուծեք, իսկ ես պատրաստ եմ աջակցել ձեզ։ Նա միշտ մտել է իմ տուն՝ օրվա տարբեր ժամերին, հյուրասիրել ենք, ճանապարհել։ Արդյոք այս տարիների ընթացքում չէր տեսել այդ չարաշահումները, եւ միայն այն ժամանակ տեսավ, երբ շանտաժով մոտեցավ ինձ, թե՝ կոնկրետ կանգնելու եք Ռուբեն Խաչատրյանի, թե իմ կողքին»,-պատմել է համայնքապետը՝  չբացառելով, որ Մանուկ Մանուկյանը ցանկանում է դառնալ Ուրցաձորի համայնքապետ։

Ռաֆիկ Անդրեասյանը հերքեց նաև իրեն առաջադրված մեղադրանքները:

«Հողերի օտարման հետ կապված աճուրդ ենք կազմակերպել, հայտարարել ենք այդ մասն, ով ցանկացել է գնել է։ Թե հիմա ում բարեկամն է, ինչ է, ես ինչ կարող եմ անել։ Հողերի հարկը չվճարելու հետ կապված էլ ես երբեք չեմ ասել, որ երեխան մանկապարտեզ չհաճախի, ընդհակառակը ես եմ անհրաժեշտության դեպքում կամ համայնքապետարանի կամ իմ միջոցներից օգնել կարիքավոր ընտանիքներին։ Գազաֆիկացման հետ կապված մեղադրանքների մասով ել ասեմ, որ Ուրցաձոր համայնքը այն հազվադեպ համայնքներից է, որ համայնքապետարանի միջոցներով է գյուղը գազաֆիկացվել։ Ինձ մեղադրում են, որ ես 25 միլիոն դրամ յուրացում եմ կատարել, բայց ես հիմա հայտարարում եմ, որ ես նույնիսկ 25 լումայի չարաշահում էլ չեմ արել»,– պատմել է համայնքապետը։

Ուրցաձորի համայնքապետը նշեց, որ մարզպետն իրեն առաջարկել է հրաժարական տալ, սակայն ինքը չի համաձայնել, քանի որ գյուղի մեծամասնությունը իր կողքին են, գոհ են իր աշխատանքից եւ նրանք էլ իրենց հերթին իրեն ասել են, որ եթե հրաժարական տա, նրան «դավաճան են» անվանելու։

«Ինչի՞ համար հրաժարական տամ, եթե ես բարոյապես վստահ եմ, որ չարաշահում չեմ կատարել, ես եւ իմ թիմը նորմալ աշխատել ենք, ինչի պետք է հրաժարական  տամ։ Տեղական հանրաքվեին էլ համաձայն չեմ, քանի որ ինչ է, ով մի հատ բողոքի պետք է բան ու գործներս թողած հանրքավե անցկացնենք։ Հլը մի հատ ինձ նայեք, ես հրաժարական տվող տղա եմ»,–ասաց նա՝ հավելելով, որ մարզպետին սխալ տեղեկատվություն են հասցնում իր մասին։

Ռաֆիկ Անդրեասյանը նաեւ հայտնել է, որ ինքը դատարան է դիմելու՝ իրեն զրպարտելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին