Կարևոր իրադարձություններ

Երիտասարդ ընտանիքների՝ բնակարան ձեռք բերելու արտոնություններն ընդլայնվել են

01 Հոկտեմբեր, 2018 12:33
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Երիտասարդ ընտանիքների՝ բնակարան ձեռք բերելու արտոնություններն ընդլայնվել են

«Երիտասարդ ընտանիքները կարող են արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերել եւ այդ արտոնություններն ընդլայնվել են»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել ե վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Եթե նախկինում երիտասարդ էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների տարիքների գումարը, այսինքն առավելագույն տարիքը 65-ն էր, հիմա այն դարձել է 70: Երիտասարդ ընտանիքները կարող են երկրորդային շուկայից, այսինքն ոչ նորակառույց շենքից բնակարան ձեռք բերել հետեւյալ պայմաններով. Երեւանում հիփոթեքային վարկի տոկոսադրույքը կլինի առավելագույնը 7,5 տոկոս, մարզերում՝ 5,5 տոկոս: Այստեղ մենք էական փոփոխություն ենք ունեցել: Ընդ որում, խոսքն առավելագույն տոկոսի մասին է, որովհետեւ որոշակի բանկային մրցակցության պայմաններում այդ տոկոսներն ավելի ցածր կարող են լինել: Ես խոսել եմ կենտրոնական բանկի նախագահի հետ եւ նա ասաց, որ արդեն կան բանկեր, որ ավելի ցածր տոկոսով վարկեր կտան»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ եթե նախկինում պահանջվում էր կանխավճար բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով, հիմա կանխավճարը կարող է լինել 10 տոկոս, եթե առկա է երկրորդ գույքի գրավ, կամ բնակարանի արժեքի 20 տոկոսի չափով ապահովագրություն, այսինքն՝ հնարավոր է, որ երիտասարդ ընտանիքը բնակարան է ձեռք բերում եւ ծնողներից մեկի բնակարանը գրավ են դնում, երբ կփակեն վարկը, բնակարանը գրավից դուրս կգա:

Ընդ որում՝ երկրորդային շուկայից գնել մինչեւ 25 մլն դրամ արժողությամբ բնարական, իսկ նորակառույց շենքերից՝ 30 մլն դրամի չափով բնակարան:

«Հաջորդ նորությունն այն է, որ նորակառույց բնակարանների համար վարկի մարման ժամկետը 30 տարի է, իսկ երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում ժամկետը կլինի 20 տարի: Սա աննախադեպ ժամկետ է, նախկինում նման ժամկետով վարկեր չեն տրվել:

Այս ծրագրով բնակարան ձեռք բերող քաղաքացիները նաեւ հետ են ստանում իրենց եկամտահարկը: Այսինքն նրանց համար շատ դեպքերում կգործեն անտոկոս վարկեր, այսինքն 30 տարով անտոկոս վարկ: Ես կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորություն է: Ես հույս ունեմ, որ այն մարդիկ, որոնք միջինից բարձր վճարվող աշխատանք ունեն, այս հնարավորությունից կօգտվեն»,-ընդգծեց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին