Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որեւէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն. Փաշինյան

26 Սեպտեմբեր, 2018 11:19
Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որեւէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն. Փաշինյան

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին՝ հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է գերակշռել մեր արտաքին քաղաքական օրակարգում.

«Արցախի Հանրապետության կարգավիճակը եւ անվտանգությունը լինելու է Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում:

Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար: Հայաստանը կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով, որին էլ տրված է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ մանդատը:

Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, պետք է լիովին հրաժարվի ցանկացած ռազմական լուծման գաղափարից եւ իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը:

Ավելին, եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ:

Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միեւնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը:

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջեւանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետեւաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որեւէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն:

Ամփոփելով` թույլ տվեք վերահաստատել. հակամարտությունը կարող է եւ պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով` խաղաղության եւ ոչ թե պատերազմի մթնոլորտում:

Եվ վերջում չափազանց կարեւոր եմ համարում իմ երախտագիտությունը հայտնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի եւ մոտեցումների հանդեպ իր անվերապահ աջակցության համար»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին