Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,12
    7,37

Կարևոր իրադարձություններ

 

Առկա սահմանադրական կարգավորման շրջանակներում վարչապետը պետք է հրաժարական տա. Ավետիք Չալաբյան

26 Սեպտեմբեր, 2018 10:32
Հեղինակ՝ Ավետիք Չալաբյան
Առկա սահմանադրական կարգավորման շրջանակներում  վարչապետը պետք է հրաժարական տա. Ավետիք Չալաբյան

Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ընկերներ ջան

Ենթադրում եմ, որ Երևանի ընտրությունների հետ կապված առաջին էմոցիոնալ ռեակցիան արդեն անցել է, ու հիմա սկսում եք մտածել, թե սրան ինչ է հետևելու։ Քանի որ Երևանի ընտրությունները արդյունքում վերածվեցին հեղափոխական կուրսի շարունակության, և Ազգային ժողովի ցրման օգտին քվազի-հանրաքվեի, հիմա հիմնական հարցը հենց Ազգային ժողովի ցրումն է և նոր ընտրությունների կազմակերպումը։ Ու թեև էմոցիոնալ և բարոյա-հոգեբանական դաշտում սա կարծես անհերքելի հարց է, ռացիոնալ քաղաքականության դաշտում խնդիրը շատ ավելի բարդ է, և ահա թե ինչու։

Կա Ազգային ժողովի ցրման երկու տարբերակ՝ առկա սահմանադրական կարգավորման շրջանակներում, և սահմանադրության փոփոխության միջոցով (բայց ևս սահմանադրական ճանապարհով)։ Տեսականորեն, կա նաև վարչապետի սիրած "հրապարակի ուժով" Ազգային ժողովի ցրումը, բայց այն ունի այն քանակությամբ վտանգավոր հետևանքներ, որ նույնիսկ չարժի լուրջ քննարկել (թեև չի կարելի բացառել)։

Առկա սահմանադրական կարգավորման շրջանակներում, վարչապետը պետք է հրաժարական տա, երկու անգամ պետք է չընտրվի նոր վարչապետ, և Ազգային ժողովը ցրվի օրենքի ուժով։ Սահմանադրության փոփոխության տարբերակում, սկզբից պետք է հավաքել առնվազն 200 000 ընտրողի ստորագրություն, հետո հրապարակի ուժով հարկադրել, որ Ազգային ժողովը առնվազն 70 ձայնով ինքնալուծարման հնարավորության հարցը դնի հանրաքվեի, հետո հանրաքվեում հավաքել առնվազն 650 000 ձայն, հետո էլ արդեն փոխված սահմանադրության պայմաններում (որը ուժի մեջ է մտնում անցումային շրջանից հետո), նորից հրապարակի ուժով հարկադրել, որ Ազգային ժողովը որոշում ընդունի ինքնալուծարման մասին։

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ երկրորդ ճանապարհը ոչ միայն երկար է, այլև պակաս հավանական, քանի որ ամեն մի էտապ իր մեջ իրականացման լուրջ ռիսկեր ունի, և պահանջելու է ամեն անգամ հեղափոխական ճամբարի ուժերի գերագույն լարում։ Նաև, անցնող ժամանակը իր մեջ նորանոր ռիսկեր է ծնում իշխանության համար, ուստի տրամաբանական է, որ հեղափոխական իշխանությունը գնա առաջին ճանապարհով։ Սակայն այստեղ էլ ուրիշ կարգի բարդություն է առաջանում։

Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ֆորմալ իմաստով Ազգային ժողովը իրավունք ունի նոր վարչապետ նշանակելու, և դրանով խուսափի ցրվելուց։ Թեև այսօր գործող քաղաքական գործիչներից որևէ մեկը թերևս պատրաստ չի իր վրա վերցնել կամիկաձեի դերը և դառնալ "հակահեղափոխական" վարչապետ այս իրավիճակում, կա առնվազն մեկ նախկին քաղաքական գործիչ, որը կորցնելու բան առանձնապես չունի, և կարող է այդպսիսի ռիսկի գնալ, ընդ որում ունենալով թաքնված դաշնակիցներ թե երկրի ներսում, և թե դրսում։ Իհարկե, սթափ հայացքով դա լիակատար արկածախնդրություն է թվում, բայց մինչև այժմ պատմության մեջ եղած ցանկացած հեղաշրջում էլ արկածախնդրություն է եղել, և ոմանք հաջողության են հասել։

Մինչև այժմ Նիկոլ Փաշինյանին հենց այդ ռիսկն է անհանգստացրել, և հենց դրա համար էր պետք 80%+ ձայնը Երևանի ընտրություններում, որպեսզի այդ ռիսկը չեզոքացվի։ Սակայն ֆորմալ տեսանյունից, Երևանի ընտրություններոմ ստացած 294 հազար ձայնը երկրի գրանցված ընտրողների ընդամենը 11,5% է, և նունիսկ նախորդ ԱԺ ընտրություններին մասնակցած ընտրողների 20% է, իսկ մնացած ընտրողների կարծիքը ոչ ոք ճշգրիտ չգիտի (և չի իմանա, մինչև նոր համապետական ընտրություններ չլինեն)։ Որքան էլ որ Նիկոլը փորձի Երևանի ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես միարժեք արգումենտ, հակառակ կողմը, ելնելով սեփական ինքնապահպանման բնազդից, դիմադրելու է, և փորձելու է նրան մղել ռիսկային զոնա, որտեղ հրաժարականից հետո հնարավոր են դառնում անկանխատեսելի զարգացումներ։

Երկրի և հասարակության շահն է, իհարկե, որպեսզի տեղի ունենա Ազգային ժողովի նոր, ժողովրդավարական ընտրություններ, և այս թնջուկը վերջապես հանգուցալուցվի։ Հասարակության շահն է նաև, որ Նիկոլը և իր հեղափոխական դաշինքը այլևս չհավաքի 80% ձայն այդ ընտրություններում, քանի որ սա կբերի նախորդի նման միակուսակցական համակարգի առաջացման (թեև, Ազգային ժողովում բոլոր դեպքերում ոչ մի ուժ չի կարող ունենալ 70%-ից ավել տեղ)։ Սա պահանջում է, մի կողմից, Ազգային ժողովի լուծարում, իսկ մյուս կողմից, հեղափոխական հռետորաբանությունից անցում երկրի զարգացման օրակարգի ձևավորմանը, և դրա շուրջ ավելի լայն քաղաքական համաձայնության կայացմանը։ Այստեղ է, որ թե հասարակության, թե հեղափոխական ճամբարի, թե ՀՀԿ-ի, և թե մյուս քաղաքական ուժերի շահերը կարող են համընկնել։

Սակայն որպեսզի դա տեղի ունենա, կողմերին պետք է իրար հետ պայմանավորվել, և այս անգամ արդեն իրար տալ խելամիտ, և հանրության առաջ վավերացված երաշխիքներ՝ իրավիճակի սահմանադրական և ժողովրդավարական հանգուցալուծման վերաբերյալ։ Այլապես, իրար կոշտ հակազդելով, և մղելով ընդհանուր իրավիճակը ռիսկային տարածք, Նիկոլը և Ազգային ժողովում նրա օպոնենտները կվտանգեն առաջին հերթին ամբողջ երկրի շահերը։ Խաղերի տեսությունում հայտնի է, որ կան վիճակներ, որում ամեն կողմը որոշակի բան զիջելով, շահում է ավելի շատ, քանի որ չպայմանավորվելը դիմացինի հետ բերում է ընդհանուր մեծ կորստի, դա մասնավորապես ճիշտ է այն դեպքում, երբ կա արտաքին երրորդ կողմ, որը շահում է բանակցող կողմերի ձախողման դեպքում։ Այսօր հենց այդպիսի վիճակ է ստեղծվել, և ես կուզեի, որ մենք բոլորս դա հասկանանք, և օգնենք քաղաքական հավասարման կողմերին՝ գնտել խելամիտ բանակցային լուծում, որը երկիրը առաջ կտանի»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին