Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» ակնհայտորեն հնձեց այն, ինչ ցանել էր . Ստյոպա Սաֆարյան

24 Սեպտեմբեր, 2018 16:45
«Իմ քայլը» ակնհայտորեն հնձեց այն, ինչ ցանել էր . Ստյոպա Սաֆարյան

Երեկ Երևանն ընտրեց նոր քաղաքապետ: Այս ընտրական գործընթացի, դրանց ընթացքի և արդյունքների մասին  Shabat.am-ը զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ:

Խոսելով ընտրության բուն ընթացքի մասին՝ քաղաքագետը հայտնեց այն կարծիքը, որ բոլոր առումներով ամեն ինչ նորմալ է ընթացել:

«Անձամբ ես չէի պատկերացնում, որ 80% կլինի «Իմ քայլի»-ի քվեները, հանուն արդարության  չեմ թաքցնում դա: Կարծում էի՝  այդ տոկոսը մի քիչ  ավելի պակաս կլինի,իսկ  մյուս ուժերի տոկոսները ավելի բարձր էի սպասում, քան իրականում եղան: Բայց «Իմ քայլը» ակնհայտորեն հնձեց այն, ինչ ցանել էր: Այսինքն՝ գրագետ լավ աշխատանք և ճիշտ քարոզարշավ, ընտրողների ճիշտ մոտիվացիա, ամեն ինչ ճիշտ էին արել, շատ տեսանելի էր դա: Եվ նաև ընտրությունների որակը անշուշտ հիացրեց: Մենք այսպիսի ընտրություն չենք ունեցել երբևիցե, որ ընտրության հաջորդ օրը շնորհավորանքներ հնչեն: Սա բացարձակապես նոր վիճակ էր, և կուզենամ, որ Հայաստանում ընտրական համակարգը լինի այսպես՝ երբևիցե կեղծիքի մասին չխոսենք , ընտրակաշառքի, անհավասար պայմանների, քարոզչության խախտումների մասին չխոսենք: Կարող են ասել, որ քարոզարշավը սուր էր, բայց պետք է նկատի ունենանք, որ այն սուր բնույթ ունի  բոլոր երկրներում:Աայս առումով էլ ամեն ինչ լավ էր արված»:

 Քաղաքագետը ընտրական այս գործընթացում բարձր գնահատեց նաև ոստիկանության կատարած աշխատանքը:

 «Ոստիկանությունն իր բարձունքի վրա գտնվեց՝ թույլ չտալով ընտրակաշառքի դաշտի ծավալում, այլ հակառակը՝ մի քանի օրինակներով կանխեց այն: Մենք լուրջ միջադեպեր, լուրջ ահազանգեր չունենք այս ուղղությամբ, անգամ զրույցներ չունենք այդ մասին հանրության շրջանում: Սա շատ կարևոր է ընտրությունների լեգիտիմության առումով»:

Հարցին, թե արդյոք կանխատեսվու՞մ էր ընտրություններին նման մասնակցություն, քաղաքագետը պատասխանեց.

«Ես վստահ եմ, որ եթե ընտրացուցակներից հանենք հանրապետությունում չգտնվող և մահացած մարդկանց անունները, ապա մասնակցության տոկոսը 43 չէ,  դա իմ հաշվարկներով առնվազն 60 է: Ես նախորդ ընտրական գործընթացների ժամանակ՝2007-ին, 2012-ին, 2013-ին  առիթ ունեցել եմ լուրջ ուսումնասիրելու ընտրացուցակները և կարող եմ ասել, որ այնտեղ  իսկապես 20-30 տոկոս ընտրող գոյություն չունի: Հետևաբար, եթե այդ տոկոսները հանում ենք, ստացվում է, որ Երևանը ճնշող մեծամասնությամբ է իր քվեն տվել «Իմ քայլին»՝  ոչ միայն քաղաքային իշխանություն ձևավորելու, այլ նաև Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար»:

Մեր այն դիտարկմանը, որ  հատկապես վերջին շրջանում հաճախ է հնչում այն տեսակետը, թե մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները,  ժողովուրդը պետք է  սատարի վարչապետին յուրաքանչյուր նախաձեռնությանը, արդյոք սա կարո՞ղ ենք համարել այդ սատարումը, քաղաքագետը հայտնեց այս տեսակետը.

« Այո, կարող ենք համարել: Դատելով, որ ընտրողը շատ հրաշալի հասկացել է Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որ սա սա իր համար մանդատ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթաց սկսելու, ես վստահաբար կարող եմ պնդել, որ ոչ միայն մասնակցության տոկոսը, այլ նաև հենց ստացած ծանրակշիռ քվեն՝ 80%, բավարար է միանշանակ՝ ժողովրդի այդ պահանջը իրականացնելու առումով: Մանավանդ որ այդ ընտրությունները օդի ու ջրի նման պետք են Հայաստանի Հանրապետությանը, և ներքին , և արտաքին քաղաքականություններում կայունություն և վստահություն մտցնելու համար»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին