Կարևոր իրադարձություններ

Ժամը 18.00-ի դրությամբ ՄԻՊ-ը ստացել է 39, ոստիկանությունը՝ 54 ահազանգ

23 Սեպտեմբեր, 2018 19:07
Ժամը 18.00-ի դրությամբ ՄԻՊ-ը ստացել է 39, ոստիկանությունը՝ 54 ահազանգ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 18։00-ի դրությամբ ստացվել է 39 ահազանգ։

Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերից 12-ը վերաբերել է Երևանում 6 ամսից պակաս հաշվառում ունենալուն և ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունենալուն, 11 ահազանգը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրատեղամասերի անմատչելիությանը։

Ահազանգներ են ստացվել նաև նույնականացման քարտով ընտրելու հնարավորության, իրազեկման թերթիկ չստանալու և այլնի վերաբերյալ:

Բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քաղաքացիներին տրամադրել է խորհրդատվություն։

Նույն ժամի դրությամբ  Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ։

Ահազանգերից 6-ը՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 8-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, 15-ը՝ ընտրացուցակների անճշտության և 20-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ են։

Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։

 

Լրահոս

Դիտել ավելին