Կարևոր իրադարձություններ

Երևանի ավագանու ընտրություններում 11:30-ի դրությամբ գրանցվել է 86 խախտում, 7 միջադեպ

23 Սեպտեմբեր, 2018 11:51
Երևանի ավագանու ընտրություններում 11:30-ի դրությամբ գրանցվել է 86 խախտում, 7 միջադեպ

Ժամը 11:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 86 խախտում, 7 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից:

Միջադեպերից երկուսը կապված են եղել ընտրողների ուղղորդման հետ: Դիտորդը, մասնավորապես, հայտնել է, որ 08:00-ին Շենգավիթի 8/39  տեղամասից մոտ 70 մ հեռավորության վրա կայանված է առանց պետհամարանիշների ավտոմեքենա, որի կողքը կան տղամարդիկ: Նկատել են դեպքեր, երբ ընտրողները դուրս են եկել տեղամասից և մոտեցել են այդ ավտոմեքենային:

Աջափնյակ վարչական շրջանում մի քաղաքացի մեքենայով (մակնիշը՝ Տոյոտա կոռոլա) 6/8 տեղամաս է բերել մի քանի ընտրողների, այնուհետև մուտք է գործել տեղամասային կենտրոն և հանձնաժողովի անդամ Գայանե Խուրշուդյանին հարցրել՝ արդյո՞ք ամեն ինչ կարգին է, թե՞ ոչ, ապա հեռացել է տեղամասից: Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մնացականյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ կգրանցի խախտումը, եթե տվյալ անձը կրկին մուտք գործի տեղամաս:

 

Երկրորդ անգամ տվյալ անձը դարձյալ մի քանի ընտրողների է բերել տեղամաս, սակայն, տեղամասային կենտրոն մուտք չի գործել: Դիտորդը կրկին խնդրել է գրանցել խախտումը գրանցամատյանում, սակայն առաջարկը կրկին մերժվել է հանձնաժողովի նախագահի կողմից՝ պատճառաբանելով, որ հնարավոր է՝ անձը իր ընտանիքի անդամներին է ուղեկցում տեղամաս, և կգրանցեն խախտումը այն դեպքում, եթե վերջինիս կրկին նկատեն տեղամասի տարածքում:

Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Նորք Մարաշ վարչական շրջանի 9/6 տեղամասը, Նոր Նորք վարչական շրջանի 2/16 տեղամասը, Արաբկիր վարչական շրջանի 4/28 տեղամասը: Առաջին երկու ընտրատեղամասերում գրանցվել է չորսական խախտում, երրորդ ընտրատեղամասում՝ 3 խախտում:

 


Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, քվեարկության սենյակի կահավորմանը, վիճակահանության կարգի խախտմանը:

Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված խախտումները: 



 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին