Կարևոր իրադարձություններ

Սպանություն ու դանակահարություններ Սպիտակում. (տեսանյութ)

22 Սեպտեմբեր, 2018 18:55
Սպանություն ու դանակահարություններ Սպիտակում.  (տեսանյութ)

Սեպտեմբերի 20-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ րոպեներ առաջ շտապ օգնության խումբը կանչով մեկնել է գիշերային ակումբներից մեկն ու հայտնաբերել տղամարդու դի՝ որովայնի առաջնային պատի թափանցող վերքով:

Դեպքի վայրում ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է մահացածի ինքնությունը՝ վանաձորցի, 26-ամյա Էդմոն Սանթրոսյան: Պարզվել է նաև, որ գիշերային ակումբում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում էլ նա դանակահարվել է:

Մինչ ոստիկանները ձեռնարկում էին համապատասխան բոլոր միջոցառումները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, ոստիկանությունում հնչել է հերթական ահազանգը: «Վանաձոր» բժշկական կենտրոնից հայտնում էին, որ կրծքավանդակի ու որովայնի կտրած-ծակած չթափանցող վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ:

 Հաջորդ ահազանգը հնչել է «Սպիտակ» բժշկական կենտրոնից: Հիվանդանոց էր տեղափոխվել մի երիտասարդ՝ ուսի կտրած-ծակած վերքով:

Ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ ունեին, որ կա դանակահարված ևս մի երիտասարդ, որը հիվանդանոց չի դիմել: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են միջոցառումներ:
Հիվանդանոցներում տուժածները ոստիկաններին հայտնել են, որ վայր են ընկել ու ոչինչ չեն հիշում, սակայն կասկածներ կային, որ այս բոլոր դեպքերը տեղի են ունեցել Սպիտակի գիշերային ակումբներից մեկում՝ ծեծկռտուքի ժամանակ:

Ոստիկանության ու քննչական Լոռու մարզային վարչությունների, Սպիտակի բաժինների ծառայողները, համագործակցելով ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակիցների հետ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողություններ՝ պարզել են, որ Էդմոն Սաթրոսյանին սպանել ու մյուս երիտասարդներին մարմնական վնասվածքներ է հասցրել մի հոգի: 
Կասկածյալին հայտնաբերելու համար ձեռնարկվում էին որոնողական ծավալուն միջոցառումներ: Վանաձորցի 26-ամյա Գաբրիել Պողոսյանը, հայտնաբերվել է «Սպիտակ» բժշկական կենտրոնում և սպանություն ու մարմնական վնասվածքներ կատարելու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանություն:

Բաժնում հաստատվել են իրավապահների կասկածները: Պողոսյանը խոստովանել է: Գիշերային ակումբում վիճաբանությունը ծագել էր անհեթեթ մի պատճառից՝ միմյանց երկար նայելուց, վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի ու հենց այդ պահին էլ Գաբրիել Պողոսյանը հանդերձարանում կախված վերարկուի գրպանից վերցրել էր դանակն ու հարվածներ հասցրել 4 հոգու. 3-ը մարմնական վնասվածքեր էին ստացել, մեկն էլ մահացել էր: Իսկ հիվանդանոց եկել էր՝ տեսնելու, թե ինչ վիճակում է դանակահարվածը:

Տուժած երիտասարդը, որը չէր դիմել բուժօգնության՝ հայտնաբերվել է:
Գաբրիել Պողոսյանը կալանավորված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:
 

Լրահոս

Դիտել ավելին