Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,2
    7,45

Կարևոր իրադարձություններ

 

Մինսկի խմբի ձևաչափը եղել և մնում է ամենագործնականն ու ամենաարդյունավետը. Զոհրաբ Մնացականյան

22 Սեպտեմբեր, 2018 12:36
Մինսկի խմբի ձևաչափը եղել և մնում է ամենագործնականն ու ամենաարդյունավետը. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցն «Իրականում» հաղորդմանը

– Շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ: Մի մեջբերում Միացյալ Նահանգների նախագահի շնորհավորական ուղերձից. «Խաղաղ ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ` օգնելու իրագործել կոռուպցիան արմատախիլ անելու, անկախ դատական համակարգի, քաղաքական և տնտեսական մրցակցության վրա հիմնված ներկայացուցչական և հաշվետու կառավարում և իրավունքի գերակայություն հաստատելու ձեր ժողովրդի կամքը»: Նման ուղերձը Ձեզ համար սպասելի՞ էր։

– Առաջին հերթին շնորհավորում եմ բոլորիս Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ։ 27 տարին շատ հետաքրքիր մի շրջան է մեր պետության համար, մեր ժողովրդի համար: Զգացումս բավական ուժեղ է, որովհետև մենք մի ժողովուրդ ենք, որը երկար դարերի պատմություն ունի, ունի իր քաղաքակրթությունը, իր արժեքները: Մենք ունենք բազմաթիվ սյուներ՝ մեր ինքնությունը, մեր արժեքները, մեր հավատքը, մեր լեզուն, մեր գիրը, մեր մշակույթը պահպանելու համար, և այդ ամենը կարողացել ենք փայփայել: Ունենալով ինքնիշխանության, սուվերենության այդ հսկայական գործիքը՝ պետականությունը, մենք է՛լ ավելի ամուր կարող ենք առաջ տանել մեր ինքնության պաշտպանության, մեր անվտանգության, զարգացման օրակարգը։

Իսկապես բավական մեծ, խորհրդանշական օր է այսօր: Միջազգային հանրության այդ մեծ ընտանիքի մեր բարեկամները, մեր գործընկերները, մեր ընկերները շնորհավորում են մեզ, կիսում են մեր ուրախությունը։

– Պարո՛ն նախարար, Միացյալ Նահանգների նախագահի ուղերձը մի տեսակ ավելի ջերմ բարեկամական էր: Սպասո՞ւմ էիք:

– Մենք ունենք բավական մեծ օրակարգ Միացյալ Նահանգների հետ: Այն մեր գործընկեր երկրներից մեկն է, որի հետ 27 տարիների ընթացքում կառուցել ենք բավական հարուստ օրակարգ: Իհարկե, շատ ոգևորիչ է: Միացյալ Նահանգները ողջունեցին այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում, որոնք ուղղված էին ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդմանը: Այդ բոլորն արժեքների վերահաստատման, ամրապնդման գործընթացներ էին: Միացյալ Նահանգները, այդ առումով լինելով մեր գործընկերը, մեզ ողջունում են, մեզ շնորհավորում: Իհարկե, այդ ջերմությունը շատ ոգևորիչ է, շատ լավ է:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ սկսվում է հարաբերությունների նոր, ավելի դինամիկ փուլ:

– Մեր հարաբերությունները շարունակական են: Մենք ունենք ընդլայնվող օրակարգ: Միացյալ Նահանգները բավական երկար աշխատել են մեզ հետ այս օրակարգի շուրջ, և մենք միանշանակ շարունակելու ենք: Մենք միայն ողջունում ենք և ասում, որ կկարողանանք առավել խորացնել և ամրապնդել մեր համագործակցությունը:

– Արցախի խնդրի կարգավորման վրա ինչպե՞ս կազդեն այս հարաբերությունները: Ցանկանում եմ ուղիղ մեջբերում անել, հետաքրքիր ձևակերպում կա Արցախի խնդրի հետ կապված. «Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-պետություն, Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ՝ հակամարտության տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ»:

– Շատ ողջունելի է նման ուղերձն այն առումով, որ Միացյալ Նահանգները հանդիսանում են երեք համանախագահ երկրներից մեկը, ունեն բավական մեծ ներդրում: Գիտեք մեր դիրքորոշումը, որ մենք վճռական ենք և հավատարիմ խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծմանը: Միացյալ Նահանգների ջանքերը շատ էական են, և, այո՛, մենք պատրաստ ենք շարունակել աշխատել՝ կառուցողական ուղին բռնած առաջ տանել այս գործընթացը դեպի խաղաղ հանգուցալուծում: Միացյալ Նահանգները, համանախագահ են Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին. այս ձևաչափը շարունակում է մնալ միջազգայնորեն ճանաչված և աջակցություն ստացած ձևաչափ: Այն իր մեջ ներառում է այդ երեք երկրները, որոնք ունեն ներկայություն այս տարածաշրջանում, ունեն կարողություն, ուժ՝ մեզ աջակցելու, լավագույնս կատարելու միջնորդության դերը: Եվ մենք ողջունում ենք, որ Միացյալ Նահանգները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու այս աշխատանքը մյուս համանախագահ երկրների հետ միասին:

– Հնարավոր համարո՞ւմ եք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյան-Թրամպ հանդիպումը:

– Սա շարունակական գործընթաց է. նման հանդիպման համար մենք շարունակում ենք պատրաստել բոլոր հիմքերը, որպեսզի այդ հանդիպումը կայանա, լինի բովանդակալից և արդյունավետ:

– Պարո՛ն նախարար, Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին բազմիցս է խոսվում փաստերով, օրերս էլ Վարշավայում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ժողովը նվիրված էր այս հարցին։ Հայաստանում և Ադրբեջանում ժողովրդավարության վիճակն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծման վրա։

– Հայաստանում և Արցախում մենք ընտրել ենք պետություն կառուցելու մի ուղի, որտեղ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը մեր պետականության կառուցման հիմքն են: Ղարաբաղյան հիմնախնդիրը մեզ՝ Հայաստանի համար, Արցախի համար վերաբերում է մարդուն, վերաբերում է Արցախի հարյուր հիսուն հազար բնակիչներին՝ մեր հայրենակիցներին, ում անվտանգության և գոյության համար առկա է հստակ սպառնալիք: Այն պայմաններում, երբ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ շարունակվում է այլատյացության, ատելության սերմանումը, չենք պատկերացնում, թե ինչպես է հնարավոր խոսել իրավունքի մասին…

– Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխելու կարիք տեսնու՞մ եք:

– Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է ամենագործնական, ամենաարդյունավետ ձևաչափը, որի շրջանակներում տեղի է ունենում բանակցային գործընթացը: Ձևաչափի որևէ փոփոխություն որևէ ադյունք չի ունենալու: Մենք բնականաբար դեմ ենք լինելու դրան:

– Իսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու հարցը քննարկվում էր դեռ ութ ամիս առաջ: Այստեղ որևէ առաջընթաց ունե՞նք:

– Դժբախտաբար Ադրբեջանը շարունակում է արգելափակել այս հարցը: Բայց ես ավելի կընդհանրացնեի այս հարցը, քանի որ այն ոչ միայն դրան է վերաբերում, այլև ընդհանրապես խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանը, վերացնելուն բոլոր վտանգները, որոնք կարող են բերել լարվածության աճին: Սա ավելի համապարփակ հարց է, իր մեջ պարունակում է բազմաթիվ ենթահարցեր, որոնցից մեկն է անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման հարցը: Մենք շարունակելու ենք այս հարցի շուրջ աշխատել:

– Հայաստանը բանակցային գործընթացին Արցախի մասնակցության վերաբերյալ ունի հստակ դիրքորոշում, որը վարչապետը բազմիցս բարձրաձայնել է: Դուք օրեր առաջ եք վերադարձել Արցախից: Արցախն է՞լ է համաձայն, որ առանց իր մասնակցության չպիտի լինեն բանակցություններ:

– Արցախն արտահայտվել է այդ հարցի վերաբերյալ: Սա նորություն չէ: Իրականում այն, որ Արցախն ունի որոշիչ ձայն այս գործընթացում, արտահայտվել է բազմիցս, և դա իրողություն է: Արցախի որոշիչ ձայնի կիրառելիությունն ապահովելու համար մենք շարունակելու ենք աշխատել այս հարցի շուրջ: Հստակ է, որ առանց Արցախի որոշումների որևէ տևական կայուն լուծում ենթադրելն ու պատկերացնելն անհնար է:

– Կարո՞ղ ենք ենթադրել, որ քանի դեռ Արցախի մասնակցության հարցը հստակ չէ, բանակցությունները կանգ են առնում։

– Ոչ, չի կարելի այդպես ասել, որովհետև մենք շարունակում ենք մնալ կառուցողական: Հայաստանը շարունակելու է կառուցողական աշխատել խաղաղ բանակցությունների գործընթացի շրջանակներում, և աշխատել բոլոր այս հարցերի շուրջ, որովհետև բանակցությունների միջոցով է, որ մենք կարող ենք լուծումներ տալ։

– ՄԱԿ-ում հանդիպելո՞ւ եք Մամեդյարովի հետ:

– Մոտ ժամանակներս մենք համաձայնեցված ձևով կհայտարարենք այդ մասին:

– Հանդիպման ժամկետը դեռ հստակ չէ՞:

– Ես փորձում եմ կոռեկտ լինել, մենք ունենք հայտարարելու համաձայնեցված պահը և շուտով այդ մասին կհայտարարենք:

– Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում նկատվող սրացումների մասին խոսենք: Չե՞ք կարծում, որ պետք է միջամտեր ՀԱՊԿ-ը՝ որպես տարածաշրջանում անվտանգությունը երաշխավորող և ապահովող կառույց:

– Այն, ինչ կատարվում և առնչվում է լարվածության աճին, դատապարտելի է և անընդունելի: Մենք խոսում ենք մեր կառուցողական ներգրավվածության՝ բացառապես խաղաղության ճանապարհով հարցը լուծելու մեր դիրքորոշման մասին: Բնականաբար, չեմ ցանկանում, որպեսզի դա ընդունվի որպես մեր կողմից վճռականության պակաս. նման բան չի եղել և երբեք չի լինելու: Քանի որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը պատրաստ են իրենց պաշտպանելու և այդ գործառույթը մշտապես ինքնուրույն կատարում են: Այդ կարողությունը կա: Միևնույն ժամանակ մենք հանդիսանում ենք ՀԱՊԿ-ի անդամ: Կա կանոնադրական պարտավորություն՝ միմյանց աջակցելու պաշտպանության ոլորտում:

Մենք մեր գործառույթը կատարում ենք այնքանով, որ ՀԱՊԿ անդամ-պետությունները տեղեկացված են և գիտեն տեղի ունեցող բոլոր զարգացումների մասին: Կանոնադրության համապատասխան դրույթների կիրառումը կլինի այն ժամանակ, երբ մենք պնդենք դա, երբ համապատասխան իրավիճակը կգնահատվի այնպես, որ այդ դրույթը պետք է կիրառել:

– Ռուսաստանի հետ համատեղ Սիրիայում իրականացվող հումանիտար ծրագիրը Հայաստանում բավական բուռն քննարկումների առիթ դարձավ: Այդ թվում հնչեցին կարծիքներ, որ Ռուսաստանը փորձում է մեզ ներքաշել ինչ-որ խաղի մեջ։ Նման մտահոգություն ունե՞նք։

– Սիրիայի ճգնաժամը մեզ համար ունի ուղղակի և անուղղակի ազդեցություն: Գիտեք, որ Հայաստանը բազմիցս արտահայտվել է այդ հարցի շուրջ, որովհետև ուղղակիորեն մենք ունենք լուրջ մտահոգություն՝ կապված մեր հայրենակիցների անվտանգության հետ: Մենք շարունակաբար աջակցել ենք մեր հայրենակիցներին և շարունակում ենք դա անել: Մենք չենք կարող անտարբեր լինել: Պատրաստակամություն ենք հայտնել և պատրաստում ենք հիմքերը, որպեսզի շարունակենք մեր հայրենակիցներին հումանիտար օգնության տրամադրումը: Այդ առաքելությունը խիստ հումանիտար բնույթի է: Մենք պատրաստում ենք հիմքեր, որպեսզի կարողանանք այնտեղ, օրինակ, բժիշկներ, ինժեներներ, ականազերծման մասնագետներ ուղարկել: Դրանք ուղղակիորեն կապված են մեր հայրենակիցների անվտանգության հետ: Մենք այդ հնարավորությունն ունենք: Մենք գործում ենք հաստատված կանոնների շրջանակներում, պատրաստում ենք հիմքերը դրա համար և չենք կարող անտարբեր մնալ:

Դա մեր որոշումն է, մեր սուվերեն որոշումն է, որը վերաբերում է մեր անմիջական մտահոգություններին: Սիրիայի ճգնաժամը, ինչպես ասացի, ունի բազմաթիվ երանգներ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են Հայաստանին՝ տարածաշրջանային համատեքստում կամ ավելի գլոբալ համատեքստում: Այդ ամենն ազդում է նաև ընդհանրապես մեր արտաքին քաղաքականության վրա: Բնականաբար, մենք ուշադրությամբ հաշվի ենք առնում բոլոր այդ զարգացումները: Նաև հաշվի ենք առնում դա, երբ մշակում և պատրաստում ենք մեր աշխատանքները, որոնք վերաբերում են անմիջապես մեզ անհանգստացնող հարցին, որը, ինչպես նշեցի, վերաբերում է մեր հայրենակիցների անվտանգությանը:

– Պարո՛ն նախարար, նկատի ունենալով, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում, հնարավոր համարո՞ւմ եք, որ ռուսական նավթին որպես այլընտանք համարելով ադրբեջանական նավթը, Հայաստանի ու Արցախի շահերն Արևմուտքի կողմից դրվեն կշեռքի տարբեր նժարների վրա:

– Յուրաքանչյուր երկիր՝ Արևմուտքում, Արևելքում, թե ցանկացած այլ տեղ, առաջնորդվում է իր ազգային շահերով: Եթե նման ազգային շահեր հաշվարկվում են այնպես, որ բախվում են մեր անվտանգության կամ մեր շահերի հետ, բնականաբար դա չի աշխատելու: Մենք ունենք համագործակցության բավական լայն օրակարգ աշխարհի շատ երկրների հետ, և ցանկացած հարց ներառում ենք այդ օրակարգի մեջ, և ցանկացած զարգացումներ, որոնք կարող են անհանգստության առարկա լինել, բնականաբար, Հայաստանի և մեզ հետ համագործակցող գործընկերների օրակարգում են: Ցանկացած զարգացման համար մենք ունենք բազմաթիվ հարթակներ, որտեղ աշխատում ենք, խոսում ենք, բարձրաձայնում ենք և լուծումներ տալիս:

– Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ. Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց․ անցել է մեկ տարի։ Կա՞ն ձեռբերումներ, արդյունքներ, որոնք մենք չենք նկատում:

– Շատ լավ հարց եք տալիս: Ես զուգահեռներ կանցկացնեմ: Երբ Հայաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ՝ կազմակերպություն, որի հիմքում դրված է ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրակարգ, և մենք այնտեղ անդամակցեցինք, որպեսզի կարողանանք մեր ազգային հարցերը, ազգային նպատակները տանել առաջ՝ օգտագործելով համագործակցությունն այդ կազմակերպության շրջանակներում։

Բնականաբար փոփոխություններն անմիջապես անդամակցությունից հետո տեղի չունեցան, դա երկարատև գործընթաց է։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա մենք ունենք համագործակցության նոր շրջանակ Հայաստանի և ԵՄ միջև վերոնշյալ համաձայնագրի շրջանակներում։ Այն բավական ընդգրկուն համաձայնագիր է, իր մեջ պարունակում է բազմաթիվ դրույթներ, համագործակցության բազմաթիվ ոլորտներ, որոնք մենք կիրառելու ենք, այն առումով, որ կարողանալու ենք ուժեղացնել մեր կարողությունները մեր երկրում։

Դա շարունակական գործընթաց է լինելու, որի համար մշտական աշխատանք է պետք: Համաձայնագիրը ստորագրվել է նախորդ տարի նոյեմբերին: Այդ ժամանակից իր վեր մենք վերադասավորել ենք մեր ներքին կարողությունները, կա միջգերատեսչական հանձնաժողով, որը նախապատրաստել է բոլոր հիմքերը, որպեսզի մենք կիրառական դաշտում շարունակենք աշխատել:

– Կիրառական դաշտում փոփոխությունները ե՞րբ կտեսնենք:

– Դա մեկ օրում չի լինելու, որ այսօր արթնանանք և փոփոխություն լինի: Սա շարունակական գործընթաց է լինելու: Տարեցտարի տեսնելու ենք նոր արդյունքներ, նոր իրողություններ, որոնք ուղղված են լինելու մեր պետության զարգացմանը: Հարցը վերաբերում է Հայաստանին: Մենք օգտագործելու ենք այս համաձայնագիրը, որպես հարթակ՝ մեր ազգային գերակայությունները, նպատակներն առաջ տանելու համար՝ զարգացման օրակարգի առումով, ինստիտուցիոնալ զարգացում ապահովելու համար: Սա հարթակ է, մենք ունենք տարբեր այլ հարթակներ: Բայց սա ևս կարևորագույն հարթակներից է, որը նպաստում է մեր ազգային զարգացման օրակարգին, և սա շարունակական է լինելու: Ես այդ նպատակով բերեցի այդ համեմատությունը, որ այն տարիների ընթացքում տալու է արդյունքներ, որը նպաստելու է մեր երկրի զարգացմանը՝ հաշվի առնելով համաձայնագրի բնույթը:

– Եվրոպական երկրների հետ վիզաների դյուրացման կամ ազատականացման հարցը ևս այս շրջանակում քննարկվում է, չէ՞:

– Այո՛, սա Եվրամիության հետ մեր համագործակցության օրակարգում կարևորագույն հարցերից է: Գիտեք, որ ներկայումս գործում են վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը: Դրանք շատ կարևոր հիմքեր են, որպեսզի մենք զարգացնենք Հայաստանի կարողությունները մուտքի արտոնագրերի ազատականացմանն ուղղված ճանապարհին: Մեր կողմից, մենք իրականացնում ենք այդ գործողությունները: Սա մշտապես մեր օրակարգում է թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵՄ անդամ-պետությունների հետ: Մենք սպասում ենք, որ Եվրոպական հանձնաժողովը այդ գործընթացը սկսելու մանդատը կստանա: Գնդակը որոշ չափով Եվրամիության դաշտում է: Բնականաբար, ինչպես նշեցի, մենք փորձում ենք դա արագացնել:

– Երկա՞ր ենք սպասելու:

– Մենք չենք ցանկանում երկար սպասել: Եվ դրա համար հարցը շարունակաբար առաջ ենք քաշում: Վստահ եմ, որ կգա այդ պահը, այն մեզ երկար սպասեցնել չի տա:

– Պարո՛ն նախարար, վարչապետն այս կարճ ժամանակահատվածում ակտիվ էր արտաքին շփումներում, գերտերությունների ղեկավարների հետ, միջազգային կառույցներում հանդիպումներ, փոխադարձ այցեր շատ եղան: Պակաս կարևոր ու հետաքրքիր չէր Վրաստան կատարած այցը: Ծանոթացումների փուլն ավարտվե՞լ է, արդյունքներ արդեն ունե՞նք: Այս շփումներն ի՞նչ են բերում մեր երկրին:

– Բարձրաստիճան շփումները մեր արտաքին քաղաքականության իրականացման կարևորագույն գործիքներից են: Իրապես, մենք բավական ակտիվ շրջանում էինք այս ամիսների ընթացքում: Դա շարունակական է: Յուրաքանչյուր ուղղությամբ մենք ունենք շատ հստակ օրակարգեր: Շատ ուրախալի է, որ այս շփումների ընթացքում մենք վերահաստատեցինք պատրաստակամությունը, որ հայտնել են բոլոր երկրները այս իշխանության հանդեպ, պատրաստակամությունը համագործակցելու, աշխատելու միասին, առաջ տանելու մեր երկկողմ և բազմակողմ օրակարգերը: Սա էական գործընթաց է, և արդյունքները շատ լավն են:

Ցանկացած այցից հետո՝ այստեղ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, յուրաքանչյուր ուղղությամբ մենք ունենք հստակ, շատ պրակտիկ հարցեր, որոնք ուրվագծում են այն գերակայությունները, որ մենք պետք է առաջ տանենք՝ հաշվի առնելով ղեկավարների միջև պայմանավորվածությունները: Եվ հարցն անմիջապես անցնում է կիրառական դաշտ:

Յուրաքանչյուր ուղղությամբ՝ լինի Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը, Ճապոնիայի արտգործնախարարը, Վրաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը, Իտալիայի նախագահը, բոլոր մյուսների հետ յուրաքանչյուր ուղղությամբ տարբեր ոլորտներում մենք համաձայնության ենք եկել համագործակցությունը խորացնելու և նոր օրակարգեր առաջ բերելու վերաբերյալ։ Հետո հարցն անցնում է կիրառական դաշտ, և թե՛ արտգործնախարարության, թե՛ պետական մյուս ինստիտուտների ներգրավմամբ մենք սկսում ենք հարստացնել այդ պայմանավորվածությունները, դարձնել ավելի, այսպես ասած, շոշափելի, կիրառական և շարժվել առաջ դեպի հաջորդ փուլը, երբ մենք կարող ենք նախապատրաստել և իրականացնել բարձրաստիճան շփումների հաջորդ փուլը:

– Հայաստանի վերանկախացումից քսանյոթ տարի անց միջազգային դերակատարների գնահատմամբ Հայաստանը հասել է ժողովրդավարության շատ բարձր աստիճանի։ Սա հեշտացնո՞ւմ է մեր դիվանագիտության աշխատանքը։

– Առաջին հերթին, այն, ինչ այսօր ունենք, ժողովրդավարության մեր մակարդակը, այն ինստիտուցիոնալ կարողությունները՝ մարդու ազատություններն ամրապնդելու և առաջ տանելու, որը մեր պետության մոդելի հիմքում է դրված, դա եղել է մեր շարունակական աշխատանքը և համագործակցությունը նաև միջազգային հանրության հետ: Սա էլ ավելի ամրապնդում է մեր դիրքերը միջազգային հարաբերություններում, որովհետև մենք այսօր շատ ամուր հիմնվում ենք ժողովրդի մանդատի, այդ լեգիտիմության վրա: Բնականաբար, սրանք շատ ավելի ուժեղ հիմքեր են մեր արտաքին քաղաքականության համար:

– Ընդամենը մի քանի օրից Երևանում նախատեսվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Հետաքրքիր խորագրի ներքո է՝ «Ապրել միասին»: Ի՞նչ է նշանակում այս կոչը, ի՞նչ խորհուրդ ունի, և այս գագաթաժողովում Հայաստանն ի՞նչ ուղերձներ ունի աշխարհին փոխանցելու:

– Ֆրանկոֆոնիան թերևս բազմակողմ համագործակցության ամենահետաքրքիր, ամենալավ հարթակներից մեկն է։ Մենք միգուցե նոր անդամ ենք ֆրանկոֆոնիայի շրջանակներում, բայց բավական վստահ կերպով ներգրավվեցինք այդ ընտանիքի մեջ: Եվ բավական հեղինակություն ունենք այն առումով, որ Ֆրանկոֆոնիան ոչ միայն ֆրանսերեն լեզվին է վերաբերում, Ֆրանկոֆոնիան մեզ շատ էական հնարավորություն է տալիս էլ ավելի զարգացնելու ֆրանսերեն լեզվի իմացությունը Հայաստանում: Մեզ համար՝ որպես փոքր երկիր, այդ բազմալեզու հասարակությունը զարգացնելու գերակայությունը կամ նպատակը շատ էական է, քանի որ փոքր ժողովուրդների համար դա ուղղակի մեծ առավելություն է:

Բացի այդ, ամենակարևորը, Ֆրանկոֆոնիան արժեքների շուրջ ձևավորված համագործակցություն է, արժեքներ, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, բազմազանությանը, համերաշխությանը: «Ապրենք միասին» կոչն առաջին հերթին առնչվում է դրան. մեր արժեքների ամրապնդմանը այս կազմակերպության, այս ձևաչափի շրջանակներում:

Ֆրանկոֆոնիան մեզ համար նաև լրացուցիչ նոր, կարևոր հարթակ է՝ առավել ընդլայնելու մեր համագործակցությունն աշխարհի տարբեր հատվածների հետ: Գիտեք, որ Ֆրանկոֆոնիայի մեծամասնությունն աֆրիկյան մայրցամաքի երկրներ են, Աֆրիկյան միության անդամ պետություններ են, որոնց հետ կա հարաբերությունների զարգացման շատ հետաքրքիր ներուժ՝ միմյանց ավելի լավ ճանաչելու, ավելի զարգացնելու մեր օրակարգը, մեր արտաքին քաղաքական օրակարգն այդ ուղղությամբ: Դա կարևոր է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով և թե՛ բոլոր այլ առումներով: Եվ հարավարևելյան Ասիայում, Ամերիկայում…

-Մեր անմիջական հարևան Իրանի հետ հարաբերությունները ի՞նչ փուլում են:

– Մեր հարևան Իրանի հետ հարաբերությունները կայուն են, մենք ունենք հարաբերությունների բավական զարգացած և հարուստ օրակարգ: Մեր արտաքին քաղաքականության շարունակականությունն արտահայտված է կառավարության ծրագրում, և Իրանն արտաքին քաղաքականության մեր գերակայությունների շարքում է՝ որպես հարևան պետություն, որպես բարեկամ պետություն, որի հետ մենք ունենք բազմադարյա պատմություն և բավական հարուստ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ օրակարգեր: Մենք նպատակաուղղված շարունակելու ենք մեր հարաբերությունները Իրանի հետ: Անշուշտ, մենք չափազանց զգայուն ենք այն բոլոր զարգացումների հանդեպ, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանին և մասնավորապես Իրանին: Դա եղել և մնում է մեր ուշադրության կենտրոնում։ Այդ առումով աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, որպեսզի առաջին հերթին կարողանանք ապահովագրված պահել մեր ազգային շահերը:

– Ժողովրդավարության մակարդակը Հայաստանում ինչպե՞ս է ազդում տարածաշրջանում արտաքին հարաբերությունների վրա:

– Առաջին հերթին մեզ համար է կարևոր, որովհետև արտաքին քաղաքականության գործառույթը նախևառաջ օգտագործելն է միջազգային համագործակցությունը Հայաստանի ազգային շահերը, զարգացման օրակարգը, անվտանգության օրակարգը առաջ տանելու համար: Եվ ժողովրդավարությունն առաջին հերթին ամրապնդում է մեր դիրքերը՝ որպես պետություն, որպես կառավարություն, որն ունի բավական ամուր աջակցություն, լեգիտիմություն, որը տրված է ժողովրդի կողմից: Սա էլ ավելի արդյունավետ է դարձնում այս գործառույթի իրականացումը:

– Պարո՛ն նախարար, կցանկանայի կարճ նշեք տեղեկատվական տեխնոլոգիաներն ի՞նչ դեր ունեն դիվանագիտության մեջ՝ հաշվի առնելով, որ աշխարհում բոլոր ոլորտներում առաջնորդվում են տեղեկատվական տեխնոլոգիաների թելադրանքով: Դիվանագիտության վրա սա ազդո՞ւմ է:

– Շնորհակալ եմ այդ հարցի համար: Տեղեկատվական տեխնոլոգիաները, որպես մեր տնտեսության զարգացման գերակա ուղղություն, բավական մեծ ներուժ ունեն երկրի համար: Ես կընդլայնեի հարցը և կներառեի ընդհանրապես նորարարության և ստեղծագործ կրթության կարևորությունը մեր զարգացման օրակարգում: Այդ առումով մենք բնականաբար դեռևս ճանապարհ ունենք անցնելու, բայց ներառելով դա մեր արտաքին քաղաքականության գերակայությունների մեջ, փորձում ենք աջակցել մեր այն ներազգային նպատակներին ու գործընթացներին, առաջ բերելով նոր հարթակներ, նոր հնարավորություններ միջազգային համագործակցությունն ամրապնդելու համար, որը կծառայի մեր ազգային նպատակներին:

Մենք ունենք հսկայական ներուժ: Դա շատ բնական գործընթաց է այն առումով, որ, անկախ ամեն ինչից, մարդիկ շատ ստեղծագործ են: Եվ հնարավորություններ ստանալով մասնավոր հատվածից, մասնավոր հատվածի ներգրավմամբ, հասարակական այլ տարբեր գործողությունների միջոցով հնարավորություն ստանալով այն ստեղծագործ միտքը վերածելու զարգացման՝ շոշափելի արդյունք է տալիս մեր երկրում: Նորից եմ ասում, դեռևս ճանապարհ ունենք անցնելու: Բայց այն, ինչ ունենք, էական, հսկայական ներուժ է: Հայաստանի դիվանագետներն իրենց գործունեության կարևոր ուղղություն են համարում համագործակցության նոր հարթակներ ձևավորումը, որպես ստեղծագործ զարգացման օրակարգն առաջ տանող երկիր Հայաստանի ճանաչելիության ամրապնդումը։ Այդ նպատակով մենք ներառում ենք նորարարության օրակարգը մեր արտաքին քաղաքականության գերակայությունների, մեր օրակարգի մեջ:

– Հայաստանի դիվանագիտական կորպուսում փոփոխություններ սպասվո՞ւմ են:

– Այսօր 27 տարի է, ինչ Հայաստանն անկախ է: Անկախության ինստիտուտներից մեկն արտաքին ոլորտն է: 27 տարվա ընթացքում մենք ստեղծել ենք նման ինստիտուտ՝ Հայաստանի դիվանագիտության, Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման ինստիտուտը, որը կայացած ինստիտուտ է: Եվ ես շատ հպարտ եմ, որ մենք հասել ենք բավական զգալի, շոշափելի արդյունքների՝ էլ ավելի ամրապնդելու մեր կարողությունները, մեր պրոֆեսիոնալ ներուժը: Դիվանագիտական ծառայությունը եղել և մնում է կարևորագույն գերակայություններից մեկը նաև ինձ համար՝ որպես նախարար: Մենք այդ առումով բարեփոխումների ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում, որոնք ուղղված են հենց այդ նպատակին՝ էլ ավելի ուժեղացնելու մեր պրոֆեսիոնալ մակարդակը, դիվանագիտության, արտաքին քաղաքականության ոլորտում աշխատողների կարողությունը: Կան գործընթացներ, աշխատանքն այնպիսին է, որ այն հիմնվում է կադրային շարժի վրա, և դա բնական գործընթաց է:

– Պարո՛ն նախարար, Դուք երկար տարիներ ապրել եք Հայաստանից դուրս: Ինչո՞վ է Հայաստանը տարբերվում այլ երկրներից, և ի՞նչն է, օրինակ, Ձեզ զարմացնում Հայաստանում:

– Հայաստանում ինձ ոչինչ չի զարմացնում: Միշտ եղել եմ հպարտ՝ ներկայացնելու մի ժողովուրդ՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, հավաքական հայ ժողովուրդ, բազմաթիվ առիթներ եմ ունեցել վերահաստատելու այն իրողությունը, որ մենք մի ժողովուրդ ենք, որն իր աշխատասիրությամբ, պարկեշտությամբ, արժանապատվությամբ, իր պատմության, արժեքների, քաղաքակրթության խորը գիտակցությամբ, լավատես և վստահ իր ապագայի հանդեպ, ստեղծել է այդ հարգանքի համար բավական ամուր հիմքեր: Ես բազմաթիվ առիթներ եմ տեսել, երբ ինձ ընդունել են հարգանքով, որովհետև ես ներկայացնում եմ մի ժողովուրդ, որն այդ որակների կրողն է:

Շատ ոգևորիչ է սա ասել նաև այսօր՝ Անկախության 27-րդ տարեդարձի օրը: Այսօրվա պայմաններում լավատեսությամբ ցանկանում եմ նշել, որ այդ կարողությունները մեր զարգացման, մեր անվտանգության ամենակարևոր գրավականն են:

Արտաքին քաղաքականության ուժը հիմնվում է մեր ներքին համախմբվածության, ներքին ուժի վրա: Արտաքին քաղաքականությունն ապահովում է, որպեսզի այդ միջազգային ներգրավմամբ՝ որպես անկախ պետություն, օգտագործելով այդ ամբողջ ներուժը, որ տալիս է սուվերենությունը՝ առաջ տանելլ մեր ազգային շահերը: Մեր ասելովի նկատի ունեմ հասարակ մարդկանց, քանի որ ամեն ինչը վերաբերում է մարդկանց, ում անվտանգությունը, իրենց զարգացման, բարեկեցության հնարավորություններն ամրապնդելու գործառույթն ավելի լավ է արտահայտվում, երբ երկիրը շատ ավելի համախմբված է և ավելի ամուր: Դուք նշեցիք՝ ժողովրդավարության մակարդակի մասին: Այո՛, դա կարևորագույն գրավականներից է՝ ամրապնդելու մեր պետականության հիմքերը, մեր սուվերենության ուժը:

Շնորհակալություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին