Կարևոր իրադարձություններ

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում 15.6 մլն դրամի չափով պակասորդներ են հայտնաբերվել. հարուցվել է քրգործ

20 Սեպտեմբեր, 2018 18:30
«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում 15.6 մլն դրամի չափով պակասորդներ են հայտնաբերվել. հարուցվել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2017թ. մարտի 19-ի որոշմամբ, ՀՀ-ում գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրի շրջանակներում` ՀՀ  գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին թույլատրել ծրագիրն իրականացնելու համար օգտագործել 612.779.084 դրամ` 1.710 տոննա առաջին վերարտադրության սերմացուներ ձեռք բերելու նպատակով:

Նույն որոշման համաձայն` ՀՀ մարզերի համար նախատեսված, սակայն հողօգտագործողների կողմից վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված սերմացուների հետագա պահպանության եւ դրանց իրացման աշխատանքների պատասխանատվությունը եւս վերապահվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին՝ 2018 թվականի գարնանը հողօգտագործողներին հատկացնելու նպատակով:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չեն կատարվել կամ ոչ պատշաճ է կատարվել վերը նշված ծրագրով ձեռք բերված, սակայն հողօգտագործողների կողմից վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված սերմացուների հետագա պահպանությունը: Մասնավորապես, ՊՈԱԿ-ի կողմից ձեռք բերված, սակայն 2017-2018 թվականներին չիրացված սերմացուների խմբաքանակը՝ ընդհանուր շուրջ 736 տոննա, պահեստավորվել է վարձակալված, ոչ մասնագիտացված պահեստներում, որոնք հարմարեցված չեն եղել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի երկարատեւ պահպանության համար, չեն ունեցել խոնավության, ջերմության կարգավորման հնարավորություն, ապահովված չեն եղել շրջակա միջավայրի հետ հնարավոր շփումներից: Դրա հետեւանքով պետական բյուջեի միջոցներով ձեռք բերված ընդհանուր շուրջ 66.782.900 դրամի 229 տոննա սերմացուների խմբաքանակները կորցրել են ցանքային որակը, վարակվել են ամբարային վնասատուով եւ դարձել են հետագա օգտագործման համար ոչ պիտանի:

Բացի այդ, պահեստներում կատարված գույքագրման արդյունքներով արձանագրվել է ընդհանուր առմամբ շուրջ 15.656.000 դրամի` 30,4 տոննա գարու, ցորենի եւ առվույտի սերմացուների պակասորդներ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերեւույթ պարունակում են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն եւ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած պաշտոնեական անփութություն կատարելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Միաժամանակ նմանատիպ խախտումները հետագայում բացառելու, դրանց պատճառների եւ պայմանների վերացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով միջնորդագիր է ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:

 

Լրահոս

Դիտել ավելին