Կարևոր իրադարձություններ

Անկախության օրը ընդունելություն կլինի Բաղրամյան 26-ում

18 Սեպտեմբեր, 2018 11:28
 Անկախության օրը ընդունելություն կլինի Բաղրամյան 26-ում

 Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ  անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումների առանցքը  կլինի  Երևանի Հանրապետության հրապարակը:  Հրապարակ տանող բոլոր փողոցները ավտոմեքենաների համար կփակվեն:  Այդ պատճառով է որոշվել  անկախության տոնին նվիրված միջոցառումների իրազեկման ասուլիսը կազմակերպել հենց Հանրապետության հրապարակում:

«Այս միջոցառումը իր տրամաբանությամբ լինելու է տարբերվող և աննախադեպ՝ իր սփռվածությամբ և ապակենտրոնացմամբ: Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները տրամադրված են լինելու քաղաքացիներին: Միջոցառումն անցկացվելու է «Դու անկախ ես» կարգախոսի ներքո: Սա շատ հստակ ուղերձ է: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի թիրախավորվում է, և ուղերձը հստակ հղվում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու»,- նշել է Աղաջանյանը:

Ըստ Աղաջանյանի  «Դու անկախ ես» կարգախոսն ավելի քան համապատասխանում է օրվա խորհրդին: «Դրանով իսկ մենք ուզում ենք ընդգծել այն պատասխանատվությունը, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է կրի՝ գիտակցելով, որ ինքն անկախ է դրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշել է Աղաջանյանը:

Էդուարդ Աղաջանյանն ասել է, որ միջոցառումը լինելու է ներառական բոլոր իմաստներով:

«Այն բեմերը, որոնք գործելու են դեպի հրապարակ տանող փողոցներում, ներկայացնելու են գրեթե բոլոր ոճերի երաժշտություն և ներառելու են մշակութային գրեթե բոլոր շերտերը: Կարծում եմ՝ տարբերություն կլինի նախկինում կազմակերպված միջոցառումներից: Երևի կհիշեք, որ կար հստակ արտիստների մի խումբ, որոնք օգտվում էին ինչ-որ չափով մենաշնորհից՝ ելույթ ունենալու պետության կողմից կազմակերպված միջոցառումներին: Այս անգամ մոտեցումը բոլորովին այլ է, և դուք կտեսնեք բոլորովին նոր, երիտասարդ, տաղանդավոր դեմքեր, ովքեր անմիջական ձևաչափի մեջ ելույթ կունենան Հայաստանի քաղաքացիների համար»,- ասաց նա:

Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է նաև ընդունելություն՝ կազմակերպված վարչապետի կողմից: «Երևի տեղյակ եք՝ նախկինում այդ ընդունելությունները հիմնականում կազմակերպվում էին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս անգամ այն տեղի կունենա Բաղրամյան 26 հասցեում գտնվող կառավարական շենքում»,-եզրափակել է Էդուարդ Աղաջանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին