Կարևոր իրադարձություններ

Եթե ես որեւէ զինվորի ուղարկեմ կռվի, առաջինը իմ որդուն եմ ուղարկելու. Փաշինյան

16 Սեպտեմբեր, 2018 20:55
Եթե ես որեւէ զինվորի ուղարկեմ  կռվի, առաջինը իմ որդուն եմ ուղարկելու. Փաշինյան

«ԻՄ Քայլը» դաշինքը այժմ քարոզարշավն իրականացնում է Շենգավիթ համայնքում ՝ Գարեգին Նժդեհի հրապարակում:

Հանրահավաքին ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նոր Հայաստանի համար շատ կարեւոր է, որ իշխանությունը լսելու ընդունակություն ունենա: Շատ են խոսում քարոզարշավին իմ մասնակցության մասին: Տրամաբանական է, որ քաղաքական թիմի անդամները պետք է մասնակցեն քարոզարշավին, նաեւ վարչապետի աշխատանքում ինձ ամենից շատ չի հերիքում շփումը քաղաքացիների հետ, ես քարոզարշավին մասնակցում եմ նաեւ այդ շփման բացը լրացնելու համար: Երեւանի ավագանու ընտրությունները մեզ համար շատ կարեւոր են, քանի որ հեղափոխությունից հետո դրանք առաջին ընտրություններն են լինելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 «Ես վարչապետ կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ դա ձեզ պետք է, երբ դա ձեզ այլեւս պետք չլինի, ես ու իմ թիմն անելիք չունենք»,-նշեց  վարչապետը՝ մեկնաբանելով հնչող քննադատությունները:

«Նոր Հայաստանում մեր այս երեխաների երազանքը լինելու է կրթությունը, նրանց իդեալը՝ Հովհաննես Թումանյանն ու Մարտիրոս Սարյան:  Նրանց երազանքը լինելու է տիեզերքը, այլ ոչ ռենջ ռովերները, նրանց իդեալները լինելու են իրենց հայրերը, այլ ոչ թե գողերն ու հանցագործները: Այս երեխաները հասկանալու են, որ չկա աշխատանք, որի համար պետք է ամաչել:  Ամաչել է պետք միայն ծուլության համար: Երեւանի քուչաներում ընտրակաշառք բաժանողներն այլեւս թաքուն պետք է քայլեն, փոխարենը գլուխները բարձր պետք է քայլեն ջութակահարները, շինարարները, ազնիվ աշխատանքով ապրող բանվոր մարդիկ: Սա է Նոր Հայաստանը»:

ՍԱնդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդու բանակում ծառայելու լուրերին՝ վարչապետը նշեց. «Այսօր տեղի է ունեցել մի շատ կարեւոր իրադարձություն մեր հարեւան երկրում. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որդին մեկնել է բանակ՝ ծառայության: Սա շատ կարեւոր  իրադարձություն է, որովհետեւ ինչքան էլ փակ լինի այնտեղ մամուլն ու վերահսկվեն սոցցանցերը, այնուամենայնիվ Ադրբեջանի ժողովուրդը հարցնում է իր նախագահին՝ ինչու՞ է ծառայում Հայաստանի վարչապետի որդին ու չի ծառայում քոնը: Սա այսպես է, քանի որ Ադրբեջանի ժողովուրդը հասկանում է, որ Ալիեւի համար միեւնույն է, որ կզոհվեն այլոց որդիները:

Միայն վերջին օրերին հայերը ստիպված են եղել խոցել 3 ադրբեջանցի զինվորի, ու սա ոչ թե նրա համար, որ դա մեզ դուր էր գալիս, այլ որովհետեւ Ադրբեջանի զինվորները կրկում էին մեր բնակավայրերի՝ Բաղանիսի, Կոթիի, Չինարիի ուղղությամբ: Պետք է արձանագրել, որ ամեն անգամ, երբ Ալիեւը հոխորտում է Հայաստանի հաշվին, նա գիտի, որ իր որդուն ոչինչ չի սպառնում: Այժմ էլ նրա  որդին ծառայում է Բաքվի զորամասերից մեկում ու նրան ոչինչ չի սպառնում: Իսկ իմ որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղում, սահմանին, որովհետեւ ՀՀ-ն դարձել է մեծ տուն, մեկ ընտանիք ու կարեւոր չէ, թե ով կլինի զինվորը, մենք բոլորի համար ցավում ենք, ինչպես մեր յուրաքանչյուր զավակի:

Հիմա Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ Ալիեւի որդին եւս ծառայի առաջնագծում, տեսնենք այս պարագայում կշարունակվի՞ Բաքվի լկտի պահվածքը:

Ալիեւին չի հետաքրիքրում իր զինվորի կյանքը, նրան հետաքրքիր են միայն իր միլիարդները, իր թալանածը պաշտպանելն ու թալանելը:

Ես ուզում եմ հստակ ասել, որ որեւէ ադրբեջանցի մայր, ծնող մեզ չի կարող մեղադրել որեւէ բանում, որովհետեւ մենք կրակային գործողությունների ենք դիմում, երբ այլեւս հնարավոր չէ զսպել հակառակորդի կրակը: Թող նա իր որդուն ուղարկի սահմանի հակառակ կողմը, ճիշտ այն կողմը, որտեղ նաեւ իմ որդին է ծառայում: Տեսնենք այդ ժամանակ ինչպե՞ս կսրեն իրավիճակը:

Եթե ես որեւէ զինվորի ուղարկեմ դեպի կռվի, առաջինը իմ որդուն եմ ուղարկելու: Ալիեւը թող այլեւս չներկայացնի իր թալանածը որպես հայրենիք»,-ասաց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին