Կարևոր իրադարձություններ

Ի՞նչը ստիպեց վարչապետին գնալ «Արարատ» կոնյակի գործարան

16 Սեպտեմբեր, 2018 16:26
Ի՞նչը ստիպեց վարչապետին գնալ «Արարատ» կոնյակի գործարան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Արարատ» կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ:

Վարչապետն Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանից տեղեկացավ, որ մարզում նախատեսվել էր ընդհանուր մթերել 55000 տոննա, իսկ այս պահի դրությամբ կարկուտը 16000-18000 տոննա խաղող է վնասել, որոնք չեն մթերվելու:

Վարչապետի հարցին, թե այդ դեպքում այդ մարդիկ ի՞նչ են անելու, մարզպետն ասաց՝ ենթադրում են, որ ինչ-որ լուծում պետք է տան:

Փաշինյանի հարցին, թե օղու գործարան կա մարզում, փոխմարզպետը պատասխանեց, որ մթերման չենթակա խաղողը բնակիչներն իրենք են կարողանում օղու վերածել և վաճառել, և դրա պահանջարկն էլ կա:

Վարչապետի դիտարկմանը, թե օրենսդրական բազա կա, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ասաց, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2019-ի հունվարի 4-ից:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փաստացի գյուղացիները օղի վաճառում են, երբեմն  էլ մարդիկ օգտվում են, որ օրենսդրական խնդիր կա, գնում գյուղացիներին նեղացնում են. «Սա պետք է կարգավորվի, որովհետև դա ամբողջ աշխարհում ընդունված է»:

 Գործարան էր այցելել նաև ՀՀ խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը, ով ասաց, որ եթե ժամանակը ներում է, ցանկանում են իրենց խնդիրները ներկայացնել: Վարչապետն ասաց, որ այսօր վստահ չէ, իսկ ընդհանրապես հաճույքով կարող են նստել և խոսել:


Լրագրողների հարցին, թե ի՞նչը ստիպեց վարչապետին գալ «Արարատ» կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ, արդյոք պատճառը վերջերս խաղողի մթերման գնի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիան էր,Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անկախ բողոքի ակցիայից՝ խնդիր կա, և մինչև բողոքի ակցիանները մթերողների հետ նախարարն ու փոխվարչապետը կապի մեջ են եղել.

«Այսօր ժամանակը քիչ է, թույլ տվեք՝ ձեր հարցերին չպատասխանեմ, մանավանդ որ երեկ խոսել ենք»:

Կոնյակի գործարանի մասնաճյուղի տնօրեն Գրիգորյանն ասաց, որ իրենք որևէ առնչություն չունեն երկրում վաճառվող խաղողի գնի հետ, սակայն վարչապետը նկատեց, որ իրենց կողմից սահմանված գինը շուկայական ազդեցություն է ունենում:

«Բայց երկրում կա խաղող, որը մթերվում է 430 դրամով,  այդ խաղողն էլ աճում է Արարատյան դաշտում, այստեղ մենք պլանավորման խնդիր ունենք: Այս ընթացքում էլ մենք պետք է օգնենք գյուղացիներին, որ սորտը փուլ առ փուլ փոփոխություն անեն, որ ոչ թե իրենք խնդրողի դերում լինեն, այլ հակառակը: Փաստորեն գինու արտադրության ոլորտում մենք խաղողի մթերման լուրջ խնդիր ունենք:

Պատկերացրե՛ք՝ խաղողը վաճառվում է ավելի քան 400 դրամով , իսկ գյուղացիներն ունեն այն խաղողից, որը 140 դրամով են վաճառվում: Այստեղ խնդիր կա: Սա իր ազդեցությունն է թողնում նաև կոնյակի բրենդի վրա, սա շղթայական լուծում է պահանջում: Լուծումը մեկն է, լուծումն օրինականության պահպանումն է: Սա չեմ ասում որպես փաստ, բայց ահազանգում են, որ գործարաններ կան, որ ոչ թե խաղող մթերում են, այլ թվեր են հրապարակում մթերված խաղողից, որ հետո ուրիշ տեղից սպիրտ բերեն և ցույց տան, թե մթերված խաղողից են ստացել սպիրտ: Մաքսային մարմինները այդ ամենը պետք է վերահսկեն, որ հետո ստուգենք ու հասկանանք, թե ինչ է կատարվում»:

Դիտարկմանը, թե նախկին պաշտոնյաներին պատկանող գործարանները նկատի ունի, Փաշինյանն ասաց, որնկատի ունի օրենքը, որի առաջ բոլորը հավասար են, օրինականությունը դրանով է օրինականություն, որ կապ չունի, ներկա, թե նախկին պաշտոնյա է, պաշտոնյա է, թե պաշտոնյա չէ. «Եթե դուք քաղաքականացրիք, ես էլ քաղաքականացնեմ: Սա կրկին կապ ունի հետևյալի հետ՝այնպես են արել, որ գյուղացիները նայեն բոլորի ձեռքին՝ ով մի հատ ընտրակաշառք կտա, ով  մուրաբա կտա, ով տասը հազար դրամ կտա և այլն: Այս շղթան պետք է կտրել»:

 

Լրահոս

Դիտել ավելին