Կարևոր իրադարձություններ

Յուրի Խաչատուրովի մարտական ընկերները ՀՔԾ պետից պահանջում են ներողություն խնդրել գեներալից

15 Սեպտեմբեր, 2018 20:41
Յուրի Խաչատուրովի մարտական ընկերները  ՀՔԾ պետից պահանջում են ներողություն խնդրել գեներալից

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մարտական ընկերները բաց նամակ են հղել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ պահանջելով վերջինիցս հրապարակային ներողություն խնդրել իր ողջ կյանքը Հայրենիքի պաշտպանությանը նվիրաբերած բարձրաստիճան զինվորականից։ Հայտարարությունը ստորագրել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի (Շամշադին) մի քանի տասնյակ վետերաններ և պահեստի սպաներ։

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Խաչատրյան.

Մենք խորապես մտահոգված և վրդովված ենք ՀՀ ականավոր ռազմական-քաղաքական գործիչ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հասցեին Ձեր կողմից հնչեցված վիրավորանքներից և պետական պաշտոնյային ոչ վայել վերաբերմունքից:

Զերծ մնալով օրեր առաջ համացանցում հայտնված ձայնագրության բովանդակությունը մեկնաբանելուց` միևնույն ժամանակ անթույլատրելի ենք համարում որևէ անձի, առավել ևս, իր ողջ կյանքն ու գործունեությունը հայրենիքի պաշտպանությանն ու բանակաշինությանն անմնացորդ նվիրած բարձրաստիճան զինվորականի հանդեպ նման վերաբերմունքը:

 Եթե այսօր հեղափոխությունից խանդավառված հասարակությունը Յուրի Խաչատուրովին հիշում է միայն որպես մարտի 1-ի գործով կասկածյալ, ապա մենք` հայոց բանակի հարյուրավոր նախկին վետերաններս, հիշում և հարգում ենք նրան որպես հմուտ ռազմագետի, հոգատար սպայի և օրինակելի հրամանատարի:


Մենք պահանջում ենք հարգել անձի արժանապատվության իրավունքն ու չխախտել կասկածյալի անմեղության կանխավարկածը: Այո, բոլոր հանցագործները պետք է պատասխան տան, և ոչ միայն մարտի 1-ի գործով: Բայց դա որևէ մեկին չպետք է իրավունք վերապահի վարկաբեկելու անձանց` ում մեղքն օրենքով նախատեսված կարգով ապացուցված չէ, և ընթանում է նախաքննություն:

Մենք դատապարտում ենք անհանդուրժողականությունն ու պահանջում ենք հրապարակային ներողություն»:

Նամակը ստորագրել են գեներալ-գնդապետ Խաչատուրովի 86 զինակից ընկերները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին