Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության պարզաբանումը՝ Պետրոս Ղազարյանի հայտարարության վերաբերյալ

14 Սեպտեմբեր, 2018 22:25
Ոստիկանության պարզաբանումը՝ Պետրոս Ղազարյանի հայտարարության վերաբերյալ

Ոստիկանության՝ վերջին օրերի գործողությունները ավտոշարասյուներով շրջող թիկնազորերի դեմ նորություն չէ իրավապահների պրակտիկայում և պայմանավորված է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը կենսագործելու անհրաժեշտությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Եվ քանի որ սկզբունքը հիմնարար է, այդ գործողությունները շարունակվելու են, ու համոզված ենք` շարունակելու են արժանանալ մեր համաքաղաքացիների հավանությանը: Ի տարբերություն, օրինակ, լրագրող Պետրոս Ղազարյանի, որն այսօր դժգոհություն է հայտնել իր թիմակցի նկատմամբ նույնպիսի գործողություն իրականացնելու կապակցությամբ:

Մեղմ ասած, տարակուսելի դժգոհություն է, որովհետև հիշյալ անձին իսկապես շարասյուն էր ուղեկցում` միևնույն թվերը կրող համարանիշերով մեքենաներով: Պետրոս Ղազարյանի պրոֆեսիոնալիզմը պետք է որ բավականացներ շարասյան այդ, իրեն վստահաբար ծանոթ, «առանձնահատկությունը» հասկանալու համար, ավելին` առաջինը հենց ինքը, որպես լրագրող, պետք է խստագույնս դատապարտի այդ արատավոր երևույթը:

 
Մինչդեռ ցավալիորեն կատարվել է հակառակը, և մենք ստիպված ենք կրկին հիշեցնել, որ հասարակության բոլոր անդամները հավասար են օրենքի առաջ, ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, և այդ հավասարության ամրագրման ուղղությամբ պետք է գործի ոչ միայն ոստիկանությունը, այլև բոլորս, առաջին հերթին` հանրային ու հրապարակային գործիչները, հակառակ դեպքում սոցիալական արդարության պահանջը դատարկ հնչյուն է»,–հայտնում են  ոստիկանությունից:


Հիշեցնենք  որ այսօր ԲՀԿ ավագանու ցուցակի 2-րդ համար Պետրոս Ղազարյանը հայտարարել էր, որ իրենց ցուցակի 7-րդ համարին «փռել են ասֆալտին»։

Ղազարյանն ընդգծել էր, որ ոստիկանության, հատկապես՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ոչ պրոֆեսիոնալիզմը չպետք է ստվերեն ընտրությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին