Կարևոր իրադարձություններ

Թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

14 Սեպտեմբեր, 2018 17:16
Թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի կողմից պաշտոնեկան լիազորություններն առերևույթ անցնելու վերաբերյալ:

2018թ. մայիսի 25-ին «1In.am» տեղեկատվական հարթակում հրապարակվել էր «Չարաշահումներ ենք բացահայտել թիվ 19 պոլիկլինիկայում. Դավիթ Խաժակյան» վերտառությամբ հոդվածը: Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 08.06.2018թ. հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տարիներ շարունակ պոլիկիլինիկայի բուժաշխատողների աշխատավարձերից կատարվել են պահումներ՝ 10 000-20 000 ՀՀ դրամի սահմաններում:

Բացի այդ, պարզվել է նաև, որ մտացածին անձանց անուններով կատարվել են «մամոգրաֆիա» հետազոտության վերաբերյալ վճարումներ՝ 10 000 դրամի չափով, այն դեպքում, երբ նշված սարքն ընդհանրապես չի աշխատել, չի շահագործվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին