Կարևոր իրադարձություններ

Բյուրեղավանցիների խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում

14 Սեպտեմբեր, 2018 16:45
Բյուրեղավանցիների խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում

Բյուրեղավան համայնքի բնակիչներն այսօրվանից անժամկետ բողոքի ցույց են սկսել՝ փակելով «Առողջ Սունկ» ՍՊԸ Բյուրեղավանի արտադրամաս տանող ճանապարհը: Այս առնչությամբ ակցիայի մասնակիցները հայտարարություն են տարածել, որում ասված է․ « Սույն թվականի սեպտեմբերի 14-ին «Առողջ Սունկ» ՍՊԸ Բյուրեղավան համայնքում տեղակայված կոմպոտի արտադրամասը հերթական անգամ արտանետումներ իրականացրեց։

Բնակիչների ահազանգերին ՀՀ Ոստիկանության եւ ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային ստորաբաժանումների կողմից չձեռնարկվեցին անմիջական միջոցներ պարզելու, արդյոք տեղի ունեցել է արտանետման փաստ եւ հանդիսանում են տվյալ արտանետումները վտանգավոր բնակիչների կյանքի եւ առողջության համար, թե ոչ»:

Թեմայի վերաբերյալ Shabat.am-ը կապ հաստատեց Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հետ, ով անդրադառնալով թեմային, ասաց․ « Այո կարճատև հոտ է եղել, գիշերը ինձ զանգել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, թե բնակիչները բողոքում են: Խնդրի կարգավորմամբ զբաղվում է Կոտայքի մարզպետը»:

Գյուղապետի խոսքով՝ արդեն որոշակի քայլեր արվել են. « Կազմվել է համաձայնագիր գործարարի և բնակիչների կողմից, ըստ որի նախատեսվում է, որ մինչև սեպտեմբերի 25-ը պետք է լրացուցիչ ֆիլտրացիոն համակարգեր տեղադրվեր և ընդհանուր արտանետումներն ու հոտը պետք է նվազեր մինչև 80 տոկոսով: Այդ աշխատանքները կատարվում են, ես տեղյակ եմ: Մյուս կետով նախատեսված է, որ մինչև եկող տարվա մայիս այդ արտադրամասը տեղափոխեն բնակավայրերից հեռու, այդ ուղղությամբ ևս աշխատանքներ կատարվում են»: Համայնքի ղեկավարը նշեց, որ չլուծվող հարց չկա և ընդհանուր եզր կգտնեն, իսկ ճանապարհն արդեն բաց է. « Խնդիրն այն է, որ բնակիչները պահանջում են ավելացնել ևս մեկ կետ` մշտադիտարկման իրականացում: Իմ կարծիքով դա ևս լուծելի է, բանակցություններ են ընթանում»:

Իսկ թե հանդիսանում են տվյալ արտանետումները վտանգավոր բնակիչների կյանքի եւ առողջության համար, թե ոչ Բալասյանն ասաց. «Դեռ 2015 թվականին համայնքապետարանը դիմել է, եկել են համապատասխան փորձագիտական կառույցները, օդի նմուշները մի երկու շաբաթ տարբեր ժամերի ուսումնասիրել, ըստ իրենց տված տվյալների թույլատրվածից դեռ 10 անգամ քիչ է: Հիմնականում հոտի բողոքն է, իսկ թե դրանում կա կյանքին սպառնացող որևէ նյութ, մենք ոչ մի լիազոր կառույցից դա հաստատող հաստատող փաստաթուղթ չունենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին