Կարևոր իրադարձություններ

Կառավարությունն ընդունեց Նաիրա Զոհրաբյանի նախագիծը

14 Սեպտեմբեր, 2018 15:38
Կառավարությունն ընդունեց Նաիրա Զոհրաբյանի նախագիծը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրեց Կառավարության ապօրինի ծառահատման համար սահմանված պատիժները խստացնելու մասին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած նախագիծը:

Օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը, մասնավորապես՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանքը փոխարինել ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ առաջարկվող կարգավորումը պայմանավորված է տվյալ հոդվածով նախատեսված հանցագործությունների աճի դինամիկայով, ինչպես նաև այն հանգամանքով, որ պատժի խստացումը կզսպի և զերծ կպահի ապօրինի գործողությունների իրականացումից: Ընդունելի համարելով նախագծով նախատեսվող ընդհանուր կարգավորումները՝ կառավարությունը ներկայացրել է որոշ նկատառումներ նախագծի վերաբերյալ:

Կառավարության առաջարկության համաձայն՝ նախագծով նախատեսված կարգավորման արդյունքում, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը խստացնելիս՝ կալանքն ազատազրկմամբ փոխարինելիս, խախտվում է տվյալ հոդվածի բոլոր մասերի դիսպոզիցիաներում նախատեսված արարքների համար սահմանված պատժատեսակների աստիճանական դասավորվածությունը, հետևաբար, առաջարկվում է ոչ թե կալանքը փոխարինել ազատազրկմամբ, այլ հիշյալ հոդվածի 1-ին մասի սանկցիայում նախատեսել նաև ազատազրկման ձևով պատիժ: Նշված է նաև, որ ներկայում ՀՀ վարչապետի աշխատակազմում քննարկվում է բնապահպանության նախարարության մշակմամբ համանման օրենքի նախագիծ, որը քննարկվող խնդիրներին առավել համապարփակ լուծումներ է առաջարկում: Այդ կապակցությամբ նախագծի հեղինակին առաջարկվում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից, համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ մեկ միասնական նախագծով հանդես գալու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին