Կարևոր իրադարձություններ

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե հեղափոխություն չարվի նաև տնտեսության ոլորտում

14 Սեպտեմբեր, 2018 12:25
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե հեղափոխություն չարվի նաև տնտեսության ոլորտում

Նիկոլ Փաշինյանը «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպույան ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե հեղափոխություն չարվի նաև տնտեսության ոլորտում։«Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի թավշյա, ժողովրդական  հեղափոխություն: Եվ ես ուզում եմ ասել, որ սա ոչ միայն քաղաքական, այլ նաև արժեքների հեղափոխություն է: Բայց նաև շատ կարևոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել տնտեսական հեղափոխության: Եվ այդ առումով, թերևս, հիմա մեր հեղափոխության ամենակարևոր շրջափուլն է, երբ պետք է ապահովենք տնտեսական ճեղքում Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հավելեց, որ իր վարչապետ ընտրվելուց հետո որևէ գործարար ազատված է ցանկացած տեսակի կորուպցիոն պարավորությունից․ «Ըստ էության, մենք տնտեսական գործունեություն ծավալողների հետ հարաբերություններում, ներդրողների հետ հարաբերություններում ունենք երկու պայման և երկու շահագրգռվածություն. Գործունեությունը պետք է լինի օրինական, օրենքին լիարժեք համապատասխան, և մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն և, իհարկե, հարկեր վճարեն»,- մանրամասնեց Փաշինյանը՝ հավելելով «Բայց մենք բախվում ենք նաև մի խնդրի հետ, որը կապված է նախկինում գոյություն ունեցած քաղաքական համակարգի հետ: Որևէ ընկերություն չի կարող գործել տվյալ երկրի իրականությունից կտրված: Եվ մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ բազմաթիվ ընկերություններ, որոնք գործել են Հայաստանում, ստիպված են եղել գործել այն խաղի կանոնների և տրամաբանության շրջանակներում, որոնք գոյություն են ունեցել, մասնավորապես, ընդարձակ կոռուպցիան և հովանավորչությունը: Ի դեպ, ասեմ, որ վարչապետի կարգավիճակում իմ առաջին գործողություններից մեկը եղել է «Քարֆուր» սուպերմարկետ այցելելը, որովհետև «Քարֆուր»-ը իմ վարչապետ ընտրվելու պահին միակ սուպերմարկետն էր, որը գործում էր օրենքին համապատասխան: Եվ այդ մենության արդյունքում հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու մի գործընթաց: Եվ ես հիմա կարող եմ ասել, որ այդ փոքրանալու գործընթացը կանգնած է և երաշխավորված է ընդլայնվելու գործընթացը, որովհետև բոլոր սուպերմարկետները գործում են օրենքին համապատասխան, և այլ տարբերակ ուղղակի լինել չի կարող»։

Վարչապետը եզրափակելով խոսք նշեց, որ շատ դեպքերում ընկերությունների և կառավարությունների միջև կնքված գործարքներում Հայաստանի Հանրապետության շահը և ժողովրդի շահը ընդհանրապես հաշվի չի առնվել: «Եվ սրանում ես ընկերությունների մեղքն ընդհանրապես չեմ տեսնում, որովհետև ընկերությունը, բնականաբար, պետք է իր շահերից հանդես գա, իսկ պետության շահերը պետք է ներկայացնեն այն պաշտոնյաները, ովքեր բանակցում են այս կամ այն պայմանագրի վերաբերյալ: Բայց մի շարք պայմանագրեր ուսումնասիրելով` մենք հասկանում ենք, որ Հայաստանի ներկայացուցիչները ոչ թե Հայաստանի պետության և ժողովրդի շահերի դիրքերից են հանդես եկել, այլ` անձնական, կլանային, և, կներեք, նույնիսկ մաֆիոզ: Եվ այս իրավիճակները պարզելու համար մենք պետք է հասկանանք այդ հարցերը, գտնենք պատասխանները, հակառակ դեպքում մենք կունենանք վերնագիր առանց բովանդակության

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին