Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Սեպտեմբերի 15-ին Երևանում կանցկացվի «Գյուղական կյանքի և ավանդույթների» 5-րդ փառատոնը

13 Սեպտեմբեր, 2018 16:52
Սեպտեմբերի 15-ին Երևանում կանցկացվի «Գյուղական կյանքի և ավանդույթների» 5-րդ փառատոնը

Սեպտեմբերի 15-ին` ժամը 11:00-17:00-ն Երևանում արդեն 5-րդ անգամ կանցկացվի «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնը, այս տարի՝ Կիրովի անվան մանկական այգում:

Բերքի փառատոնի կարևորությունը, անցած տարիների ձեռքբերումները, ինչպես նաև փառատոնի այս տարվա առանձնահատկություններն ու սպասվող իրադարձությունները ներկայացվել են Մանկական այգում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որի բանախոսներն են եղել Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, փառատոնի հիմնադիր, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, Ավստրիական զարգացման գործակալության Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը և Գենդերային հավասարության ՄԱԿ-ի Կանանց հիմնադրամի պորտֆոլիո ղեկավար տիկին Ռանա Էլ Հուջեյրին:

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը կարևորել է Երևանի միջոցառումային օրացույցում փառատոնի առկայությունը՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանն ի սկզբանե մշտապես աջակցել է փառատոնի կայացմանը:
«Ուրախ ենք, որ «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնը վերջին 5 տարիներին իր հաստատուն տեղն է զբաղեցրել Երևանի միջոցառումային օրացույցում՝ տարեցտարի ընդլայնելով իր աշխարհագրությունը: Երևանի համար տարին հոբելյանական է, ինչի առիթիվ շնորհավորում եմ բոլորիս և հատկապես ողջունում նրանց, ովքեր ժամանել են հատուկ Բերքի փառատոնին մասնակցելու համար:
Այս փառատոնը լավ հարթակ է, որպեսզի հայ գյուղացիները, ֆերմերները ներկայացնեն իրենց արտադրանքը թե՛ մայրաքաղաքի հյուրերին և թե՛ բնակիչներին», - նշել է Մարիա Բարաղամյանը՝ բոլորին հրավիրելով սեպտեմբերի 15-ին մասնակցելու Բերքի 5-րդ փառատոնին:

«Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին՝ մշտապես ցուցաբերվող աջակցության և արդյունավետ համագործակցության համար, նշել է. «Փառատոնի հիմնական նպատակն է աջակցել գյուղական համայնքների զարգացմանը: Այս տարի ավելի լայն է ներկայացվելու օրգանական սնունդը, շուրջ 45 ֆերմերային խմբեր ներկայացնելու են օրգանական գյուղատնտեսության արտադրանք, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Ավստրիական զարգացման գործակալության «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնությանը»: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի շրջանակում կորոշվեն Լավագույն ֆերմերային, կանանց, ձեռներեց, երիտասարդական և օրգանական արտադրող խմբերը»:

Ավստրիական զարգացման գործակալության Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի ղեկավար Դավիդ Մուքենհուբերն իր հերթին նկատել է, որ այս փառատոնն իսկապես լավ հարթակ է ֆերմերների համար. «Ուրախ ենք, որ աջակցում ենք այս կարևոր նախաձեռնությանը, և հպարտ, որ կարող ենք ներկայացնել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում, այս փառատոնը դրա լավագույն ապացույցն է և լավ հարթակ ֆերմերների համար:
Շնորհակալություն եմ հայտնում «Կանաչ արահետ» ՀԿ-ին՝ կատարված հսկայական աշխատանքի համար, ինչպես նաև՝ բոլոր պետական գերատեսչություններին՝ միջոցառմանն աջակցելու համար»:

Գենդերային հավասարության ՄԱԿ-ի Կանանց հիմնադրամի պորտֆոլիո ղեկավար տիկին Ռանա Էլ Հուջեյրին էլ, ով առաջին անգամ է մասնակցում փառատոնին, շնորհավորել է կազմակերպիչներին՝ նշելով. «Լսել եմ, որ երբ առաջին անգամ է կազմակերպվել այս փառատոնը, 50 մասնակից է ընդգրկված եղել, իսկ այս տարի արդեն շուրջ 200 մասնակիցներ են լինելու, ինչն արդեն իսկ փաստում է, որ փառատոնը տարեցտարի ընդլայնվում է, ինչի առիթով շնորհավորում եմ կազմակերպիչներին: Նաև շատ ուրախ եմ, որ այս անգամ ես էլ հնարավորություն ունեմ մասնակցելու Բերքի փառատոնին, որը կայանում է այսպիսի հյուրընկալ և ջերմ քաղաքում»:

Նշենք, որ Բերքի 5-րդ փառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-17:00-ն Կիրովի անվան մանկական այգում:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին