Կարևոր իրադարձություններ

Իշխանության հեղինակությանը վնաս կհասցվի, եթե Դավթաշենում վարչապետի հնչեցրած սպառնալիքները չիրականանան

13 Սեպտեմբեր, 2018 15:23
Իշխանության հեղինակությանը վնաս կհասցվի, եթե Դավթաշենում վարչապետի հնչեցրած սպառնալիքները չիրականանան

Օրեր առաջ համացանցում տարածվեց Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ Քննչական Ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որտեղ ուժային կառույցների ղեկավարները զրուցում էին ՀՀ նախկին պաշտոնյաների, «Մարտի 1-ի» գործի, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վտանգի, փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից սպասվող գրառման, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասին։ Shabat.am –ի հետ զրույցում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ հեռախոսազրույցի գաղտնալսման մեջ մեծ վտանգներ կան․ «Այս դեպքի հետ կապված ամեն բան վտանգ է: Գաղտնալսողները պետությունից չեն վախենում, որ այս նյութը կարող է օգտագործվել հակափիար կազմակերպելու համար, որ որևէ մեկն ապահովագրված չէ, փաստորեն, կարող են և շատ ու շատ այլ ձայնագրություններ լինել, կարող են անգամ այլ մի շարք պետություններ պետական գաղտնիքների այլևս տիրապետել»։ Հայկ Մարտիրոսյանը կարծում է , որ գաղտնալսումների կասկածյալները նախ և առաջ հակահեղափոխականներն են։ Մեր հարցին, թե արդյոք այսկերպ վնաս հասցվեց նոր իշխանության ու իրավապահ համակարգի իմիջին, քաղաքագետը պատասխանեց «Որոշակիորեն՝ այո, բայց շատ ավելի վնաս կհասցվի, եթե այս գաղտնալսման հեղինակները չբացահայտվեն և եթե նոր ձայնագրություններ հրապարակվեն: Ինչպես նաև, եթե Դավթաշենում վարչապետի հնչեցրած սպառնալիքները չիրականանան: Այսօր իշխանության իմիջին ամենաշատը վնաս է հասցնում նրա դրսևորած քնքուշ վերաբերմունքը հակահեղափոխության և նախկին ռեժիմի ներկայացուցիչների հանդեպ: Եվ թիկնապահների ժամանակավոր ձերբակալումներն ու զինաթափումները այդ սպառնալիքների լիակատար իրականացում չեն: Հուսանք՝ դրանով չի սահմանափակվի»։

 

Լրահոս

Դիտել ավելին