Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսումը վաղուց էր պլանավորված. Ալեն Սիմոնյան

13 Սեպտեմբեր, 2018 13:01
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսումը վաղուց էր պլանավորված. Ալեն Սիմոնյան

«Ի՞նչ քայլերի է դիմելու։ Նախ՝ 10 տարվա համար ո՞վ պետք է ներողություն խնդրի, իսկ հետո 2008 թ. մարտի 1-ի համար ո՞վ պետք է ներողություն խնդրի, ծնողներից ո՞վ պետք է ներողություն խնդրի, մեր պատուհանների վրա կրակելու համար ո՞վ պետք է ներողություն խնդրի…»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հակադարձելով Ռոբերտ Քոչարյանին, որը նշել էր, թե իրենից պետք է ներողություն խնդրեն, այլապես ինքն այլ քայլերի է դիմելու։

Ըստ նրա՝ Քոչարյանի հարցազրույցն «աբսուրդ և ավելի շատ սպառնալիք» էր, իսկ սպառնալիքի լեզվով հայ ժողովրդի հետ խոսողներն, ըստ Սիմոնյանի՝ իրենց պատասխանը վերջերս ստացել են.

«Հայ ժողովրդի հետ որևէ մեկը չի կարող սպառնալիքների լեզվով խոսել, որևէ մեկը չի կարող սպառնալ Քննչական ծառայության ներկայացուցիչներին կամ իրավապահ մարմիններին։ Նրանք ՀՀ զինանշանը կրող մարդիկ են, ՀՀ-ն են ներկայացնում, և այդ սպառնալիքները որևէ լավ տեղ չեն բերի»։

Թե ինչո՞ւ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսումը հիմա հրապարակվեց, Ա. Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ դա վաղուց էր պլանավորված, ինչ-որ ակցիա է, և չբացառեց, որ այլ ձայնագրություններ ևս կհայտնվեն։

Նման միտում պատգամավորը տեսել է երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ. «Ըստ իս՝ պլանը եղել է հետևյալը՝ նման բան է ի հայտ գալիս, դրա հետևանքով ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը հրաժարական են տալիս, մի քիչ անց էլի մի բան է ի հայտ գալիս, որ վերաբերում է ինձ կամ պարոն Փաշինյանին, կամ որևէ մեկին, և հարց է առաջ քաշվում, թե դուք ինչո՞ւ հրաժարական չեք տալիս։ Բայց մենք այնքան բաց ենք, այո՛, ես՝ ՀՀ ԱԺ պատգամավորը, դիմում է ՀՀ դատավորներին, ասում եմ՝ ժողովո՛ւրդ, դուխով եղեք, գործեք օրենքի շրջանակներում, և, եթե օրենքը ձեզ ասում է, որ այս հանցագործության հետ կապված խափանման միջոցը կալանքը պետք է լինի, այլ տարբերակ չկա, որ դուք պետք է գործեք օրենքով սահմանված կարգով»։

Հարցին՝ ո՞ւմ կողմից է պլանավորված, Ա.Սիմոնյանը պատասխանեց. «Իմ կարծիքն է, որ արվել է երկրորդ նախագահի փաստաբանների կողմից, ոչ թե նրան դատարանում ներկայացնող փաստաբանների, այլ մարդկանց, ովքեր ներկայում զբաղված են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանությամբ՝ որպես քաղաքական գործիչ»։

 

Լրահոս

Դիտել ավելին