Կարևոր իրադարձություններ

Մեկ ուրիշն է կեղծամով գնացել մեր տուն. Ա. Հակոբյանը պատմում է՝ ինչպես են հանդիպել ամուսնու հետ ընդհատակում

12 Սեպտեմբեր, 2018 21:56
Մեկ ուրիշն է կեղծամով գնացել մեր տուն. Ա. Հակոբյանը պատմում է՝ ինչպես են հանդիպել ամուսնու հետ ընդհատակում

«Ես Նիկոլ Փաշինյանի վախերի համար արդեն իմունիտետ ունեմ, ոչինչ առանձնապես չի փոխվել, ես տարիներ շարունակ ինչպես անհանգիստ եղել եմ, այնպես էլ անհանգիստ եմ մինչ այժմ»,-այսպես պատասխանեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ Ազատության եթերում պատասխանելով Կարլեն Ասլանյանի՝ երեկվա ձայնագրությունների ու ամուսնու համար անհանգստության մասին հարցին:

Նշվեց, որ Ա. Հակոբյանը գրեթե միշտ ուղեկցում է ամուսնուն, միշտ նրա կողքին է, այդպես է եղել միշտ, նաեւ 10 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ի գիշերը.

- Դուք եղել եք այդտեղ, Մյասնիկյանի արձանի մոտ, հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը առավոտյան, երբ մարդիկ գրեթե ցրված են եղել, նոր է հեռացել դեպի ընդհատակ, դուք ե՞րբ եք տեսել նրան, ե՞րբ եք հրաժեշտ տվել.

- Ես մենակ չեմ եղել, լավ հիշում եմ, որ Արամ Սարգսյանն էր նաեւ այնտեղ, ես ադյալով փաթաթված եմ եղել, արդեն ուշ գիշեր էր, տասներկուսն էլ անց, երբ մի քանի հոգով փորձում էին ինձ համոզել, որ ես տուն գնամ, տիկին Մանուշակին եմ հիշում նաեւ՝ Մանուշակ Պետրոսյանին, ում հետ միասին ինձ ուղարկեցին տիկին Մանուշակի ընկերուհու տուն, Պարոնյան փողոցի մոտ, հրաժեշտի պահը շատ լավ հիշում եմ ու հիշում եմ, որ ես ասեցի՝ շուտ կվերադառնաս: Ու հետո, իրադարձությունների զարգացման հետ մեկտեղ ես հաճախ էի հիշում իմ խոսքերը ու մտածում, թե որքան միամտորեն եմ ես ասել դրանք:

- Այդ մեկ տարվա ընդհատակի ընթացքում եղե՞լ է հանդիպում.

- Ընդհատակում մեկ անգամ չէ, պարբերաբար են եղել հանդիպումներ, 6 ամիս չի եղել հանդիպում, 6 ամիս անց ես պարբերաբար այցելել եմ նրան ընդհատակում:

- Ինչպե՞ս եք խուսափել ԱԱԾ-ի հետապնդումներից, երբ ձեզ այդ ժամանակ շարունակ հսկում էին.

- Այո, այդ ժամանակ ես 24-ժամյա հսկողության տակ էի եւ ոչ մի րոպե չէին դադարում ինձ հետեւել, բայց մենք ընկերներով կարողանում էինք ստեղծել իրավիճակներ, ամեն անգամ մի նոր բան: Եղել է իրավիճակ, երբ ես մեքենան վարել եմ դեպի Բարեկամություն մետրոյի կայարան, ինձ հետ միասին եղել է ծանոթ աղջիկներից մեկը, բնականաբար հետեւելիս իրենք պահպանում էին որոշակի տարածություն ու մինչեւ մոտենալը ես հասցրել եմ իջնել, ինձ փոխարինել է այդ աղջիկը, ես արագ մտել եմ մետրո ու կորել տեսադաշտից:

Եղել է դեպք, երբ իմ փոխարեն մեկ ուրիշն է մեր տուն գնացել, անգամ մազերն են ինձ նման եղել, գանգուր կեղծամ է կրել, ես այդ ընթացքում այցելել եմ Հայկ Գեւորգյանենց տուն՝ մեր թերթի տնօրենի՝ բոլորին հայտնի, այնտեղ ժամեր ենք անցկացրել, անգամ գիշերել եմ այնտեղ, ու լուսաբացին, երբ պետք է հեռանայինք, մեքենան ինձ պետք է տեղափոխեր մեկ այլ կետ, կասկածներ ունեինք, որ մեզ դեռ հետեւում են, այդ ժամանակ Հայկի կինը՝ Վարսիկը, հանճարեղ միտք ասաց, թե նրանք էլ են աշխատող, չնչին աշխատավարձով, ի՞նչ եք կարծում՝ աչքերը պարզած չեն կարող ամբողջ գիշեր բաց մուտքին նայել ու հավանաբար մեքենաներում քնած են, ու մենք դիմեցինք այդ քայլին եւ նա բարեհաջող տեղ հասավ, ու նման բազմաթիվ դեպքեր:

 

Լրահոս

Դիտել ավելին