Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանը ձեր առաջ կարող է սխալներ գործել, բայց ձեզ երբեք չի խաբի. վարչապետ

12 Սեպտեմբեր, 2018 21:10
Հայկ Մարությանը ձեր առաջ կարող է սխալներ գործել, բայց ձեզ երբեք չի խաբի. վարչապետ

Մեր քաղաքական թիմի առաքելությունն է, որ ձեր աչքերի փայլը չխամրի, այլ ամեն օր ուժեղանա եւ փոխանցվի բոլորին: Այսօր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետ վարչապետը խոսեց այն մասին թե ինչու են քաղաքապետի թեկնածու առաջադրել Հայկ Մարությանին:

«Այս հարթակին կանգնած մարդկանցից ցանկացած մեկը կարող էր լինել քաղաքապետի թեկնածու, բայց այդ ժամանակահատվածում քաղաքապետի թեկնածու անձի մեջ կարեւոր համարեցինք, թե ինչ ուղերձ է դրված լինելու: Հայկ Մարությանը մի մարդ է, որ իր չարչարանքով, քրտինքով, գիշեր-ցերեկ աշխատելով ստեղծել է իր ապագան: Իր անունը իր հորեղբայրը, քեռին, կաշառքը, ծանոթը չի ստեղծել, իր անունը ստեղծել է իր ամենօրյա աշխատանքը: Ինչու՞ է սա կարեւոր, որովհետեւ, եթե Հայկը սպասեր, թե երբ է որեւէ նախարար, վարչապետ իրեն ձեռք մեկնելու, որ ինքը ոտքի կանգնի, ապա հնարավոր է, որ նա մինչեւ հիմա սպասեր: Ինձ համար ամենակարեւոր սիմվոլը սա է: Ես ասել եմ, որ նոր Հայաստանում պետք է աշխատանքը կարեւորվի, խրախուսվի: Այն ժամանակ, երբ ինքը որոշեց անել եւ արեց. նա ստեղծեց Հայաստանի ամենահայտնի բրենդներից մեկը՝ «Կարգին հաղորդումը»: Սա ունենալու համար պետք է ունենալ տաղանդ, հմտություններ: Հայկի թեկնածությունը պաշտպանելով՝ ես ուզում եմ ասել, որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է իր ոլորտում անել նույնը: Ես հավատում եմ ձեր ուժերին»,- ասաց ՀՀ վարչապետը:

Այնուհետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վարչապետի պաշտոնում ինքը զգում է՝ հարյուր հազարավոր մարդիկ սպասում են կառավարության հարց լուծելուն: «Իշխանափոխություններից հետո տեղի են ունենում տնտեսական ցնցումներ, բայց ՀՀ-ում նման բան չի եղել, սակայն մենք ասում ենք, որ առկա աճը մեզ չի բավարարում: Ինձ համար ծանր է, որ մարդիկ սպասում են, որ կառավարությունը իրենց խնդիրները լուծի, բայց կառավարությունն այն արագությամբ չի լուծում իրենց խնդիրները, որին դուք սպասում եք: Ի՞նչ կապ ունի այստեղ Հայկ Մարությանը: Ես երբ ասում եմ, հավատում եմ ձեզ... կառավարությունն այսօր ստեղծել է հավասարություն: Բոլորը հավասար են օրենքի, հարկայինի, մաքսայինի առաջ: Ուզում եմ, որ Հայկի օրինակը շատերին ոգեշնչի, որ չսպասեն կառավարությունը իրենց խնդիրները լուծի, իրենք ուղղեն իրենց մեջքը, լուծեն իրենք խնդիրները եւ առաջ գնան: Պարտադիր չէ, որ բոլորը խանութ բացեն եւ ինչ-որ բան վաճառեն»,- ասաց նա:

Անդրադառնալով այն կարծիքներին, որ պաշտոնյաները չունեն կառավարման փորձ՝ վարչապետը նշեց, որ Հայկ Մարությանին պետք չէ նախկինի փորձը, քանի որ դա վնասելու է: «Հայկ Մարությանը ձեր առաջ կարող է սխալներ գործել, բայց ձեզ երբեք չի խաբի»:

 

Լրահոս

Դիտել ավելին