Կարևոր իրադարձություններ

Գաղտնալսումը բումերանգի էֆեկտ ունեցավ՝ իշխանությունը ստացավ այդ ամենն իր համար արդյունավետ օգտագործելու հնարավորություն

12 Սեպտեմբեր, 2018 16:29
Գաղտնալսումը բումերանգի էֆեկտ ունեցավ՝ իշխանությունը ստացավ այդ ամենն իր համար արդյունավետ օգտագործելու հնարավորություն

«Եթե գաղտնալսելու  նպատակն այն էր, որ նոր իշխանությունը հայտնվի թիրախի տակ, ծանր վիճակում, ապա կարծում եմ՝  գաղտնալսողը, ով էլ որ լինի, ավելի շուտ բումերանգի էֆեկտ է ունեցել և իշխանությունը տեղի ունեցածից առայժմ ոչ թե ավելի թույլ ու ավելի խոցելի իրավիճակում է դուրս եկել, այլ հակառակը։  Shabat.am –ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

Բադալյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի արձագանքը և իրավապահներին հրահանգներ տալը ցույց տվեցին, որ իշխանությունը ստեղծված իրավիճակը կարող է օգտագործել  հետագա քայլերը դրա վրա կառուցելու համար։

Քաղաքագետը հավելեց նաև, որ իշխանությունը լեգիտիմ մեծ հնարավորություն է ստացել անցնել առավել կոշտ միջոցների բոլոր այն ուժերի նկատմամբ, ովքեր որ կփորձեն կասկածի տակ դնել Հայաստանում նոր իրավիճակը և այդ իրավիճակի հանրային մեծ լեգիտիմությունը։

Հակոբ Բադալյանը գաղտնալսումը մի կողմից համարելով անվտանգության համակարգի թերացում, մյուս կողմից մատնանշում է անվտանգության հզոր համակարգ ունեցող երկրների օրինակը․ «Ընդհուպ Գերմանիայի կանցլեր Մերկելն է գաղտալսվել,  տարբեր երկրների պետական պաշտոնյաների էլեկտրոնային փոստն է ընթերցվել, ժամանակակից աշխարհում սա մի երևույթ է, որ ամենաբազմազան աղբյուրները կարող են ունենալ և եթե մենք հիմա փորձենք կռահել , գուշակել, հասկանալ թե հատկապես ո՞վ էր այդ գաղտնալսողը, ո՞վ էր հրապարակողը, մենք երբեք էլ չենք կարող վստահ լինել, որ մոտեցել ենք ճշգրիտ պատասխանին։ Մենք կարող ենք Հայաստանի պատմության մեջ ավելի աղաղակող և նույնիսկ ողբերգական բնույթի անվտանգության վրիպումներ արձանագրել։ Սա տարիների խնդիր է, որը պետք է սկսել ինտենսիվ լուծել և այս նոր իրավիճակը դրա լուծման լավագույն հնարավորությունն է»։

Իսկ ահա գաղտնալսման բովանդակության մասին խոսելիս՝ քաղաքագետը ընդգծեց, որ բովանդակային առումով ոչ մի սարսափելի ինֆորմացիայի բացահայտում չի եղել ․«Եթե նույնիսկ բովանդակությանը նայենք, ապա իշխանության դեմ, իշխանության համար որևէ արտառոց բովանդակություն հրապարակ չի բերվել։ Բոլոր մեղադրանքները, որ հիմա հնչում են նախկին իշխանության կողմից, հնչում էին նաև նախկինում  և հնչելու էին նաև ապագայում, եթե նույնիսկ այս գաղտնալսումը չլիներ, այսինքն էլի մեղադրելու էին քաղաքական հետապնդումների և այլնի համար։ Հասկանալի, է այդ մարդիկ պաշտպանվելու այլ տարբերակ չունեն և հիմա իրենք փորձում են քաղաքական հետապնդումների անվան տակ պաշտպանել իրենց անձնական շահերը։ Սա շատ բնական ու սպասելի փորձ էր։ Այս տեսանկյունից իշխանությունը որևէ նոր մարտահրավեր չի ստացել»։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին