Կարևոր իրադարձություններ

Միտում կար ցույց տալու, որ ներկա իշխանությունները դատական համակարգի հետ հարաբերություններում չեն տարբերվում նախորդ իշխանություններից

12 Սեպտեմբեր, 2018 14:30
Միտում կար ցույց տալու, որ ներկա իշխանությունները դատական համակարգի հետ հարաբերություններում չեն տարբերվում նախորդ իշխանություններից

 «Չեմ կարծում, թե սա իշխանության թերացում կարելի է համարել, քանի որ գաղտնալսվում են շատ ավելի հզոր երկրներ, ինչպես օրինակ Գերմանիան և վստահաբար այլ երկրներ ևս: Նման գաղտնալսումներ եղել են նաև նախկին իշխանությունների օրոք, պարզապես արտահոսք չի եղել, աղմուկ չի բարձրացել»:  Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը, անդրադառնալով՝ երեկ համացանցում հայտնված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար  Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու դրա տարածմանը։

Քաղաքագետը կարծում է, որ ձայնագրման արտահոսքի  ներկայիս իշխանություններին վարկաբեկելու նպատակով է կատարվել․ «Սա արվեց, որ ներկայիս իշխանությունների կողմից որպես թերացում ընկալվեր, մյուս կողմից՝ կոնկրետ անձինք վարկաբեկվեին, որոնք բացահայտում են և՛ Մարտի 1-ի դեպքը, և՛ տարբեր կոռուպցիոն սխեմաներ: Միտում կար նաև ցույց տալու և ասելու, որ տեսեք՝ ներկա իշխանությունները դատական համակարգի  հետ հարաբերություններում ոչ մի ձևով չեն տարբերվում նախորդ իշխանություններից»:

Խոսելով ձայնագրության տարածման վտանգների մասին,  քաղաքագետը պատասխանեց, որ վտանգը տեսնում է ոչ այնքան տվյալ խոսակցության մեջ․

«Իմ մտահոգությունն  այն հարցի շուրջ է, որ ուրեմն սա ունեցել է նաև նախադեպ: Այս ձայնագրությունը միակը չի վստահաբար և հայտնի չի, թե էլ ու՞մ հեռախոսազանգերն են լսվել: Արդյոք սա սահմանափակվել է միայն ա՞յս ոլորտում, թե՞ հասել է մինչև ռազմական ոլորտ: Մտահոգությունս այն է, որ այս ոլորտը պետք է վերակազմակերպվի, ուժեղացվի, ստեղծվեն հատուկ կապի միջոցներ և կանոնակարգեր, թե ինչպես այդ ամբողջը պետք է օգտագործվի, որպեսզի հատկապես պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համապատասխան կառույցները խոցելի չլինեն թշնամիների համար, մասնավորապես՝ Ադրբեջանի»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին