Կարևոր իրադարձություններ

Արա Բաբլոյանի արձագանքը գաղտնալսման փաստին

12 Սեպտեմբեր, 2018 12:46
Արա Բաբլոյանի արձագանքը գաղտնալսման փաստին

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մտահոգիչ է համարում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը։

«Շատ մտահոգիչ է, անպատկերացնելու մի երեւույթ է տեղի ունեցել, որ կարելի է ԱԱԾ ղեկավարին գաղտնալսել: Դա մեզ համար մի աննախադեպ իրավիճակ է ստեղծել, ինչ վերաբերում է մնացածին, պետք է անդրադառնալ այդ հարցին օրենսդրությամբ սահմանված կարգով եւ Սահմանադրությամբ: Այնպես որ բոլոր առաջարկները, որոնք հնչեցին թե երեկ հայտարարությունների ժամին, թե այս ընթացքում, այդ ամենը կանոնակարգված է Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգ օրենքով»,–նշեց  նա։

ԱԺ նախագահը հրաժարվեց մեկնաբանել այն երեւույթը, երբ դատավորը զանգում է ԱԱԾ տնօրենին. «Եթե հարցը պետք է քննարկվի, պարզաբանվի, ապա թույլ տվեք, որ դա տեղի ունենա ոչ թե մեկ անձի կողմից, այլ համապատասխան օրենքների համաձայն»։

Նիկոլ Փաշինյանի՝ օլիգարխներին նկատմամբ ռեյդեր անելու, բոլորին պառկեցնելու հայտարարության մասին հարցին նա պատասխանեց. «Ես մի անգամ հանդես եմ եկել: Մենք մեր քայլերը պետք է իրականացնենք 4 ուղղությամբ՝ երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման, մեր բնակչության բարեկեցության բարելավման եւ ժողովրդավարության էլ ավելի ամրապնդման։ Այսինքն՝ որեւէ նահանջ ինձ համար անընդունելի է»,–եզրափակեց Արա Բաբլոյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին