Կարևոր իրադարձություններ

«Լույս» դաշինքը առաջարկում է Երևանի տրանսպորտային համակարգը հանձնել երկու օպերատորների կառավարմանը

10 Սեպտեմբեր, 2018 22:35
«Լույս» դաշինքը առաջարկում է Երևանի տրանսպորտային համակարգը հանձնել երկու օպերատորների կառավարմանը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար, Երևանի ավագանու «Լույս» դաշինքի թեկնածու Դավիթ Խաժակյանը սեպտեմբերի 10-ին ներկայացրեց իրենց տեսլականը տրանսպորտի խնդրի լուծման հարցում: Դավիթ Խաժակյանի խոսքով` դաշինքի նախընտրական ծրագիրը ներառում է թե՛ այն խնդիրները, որ քաղաքացիներից լսում են ամեն օր, թե՛ այն գաղափարները, որոնք միտված են Երևանի զարգացմանը և հարմարավետ լինելուն:

Խաժակյանը առաջնային խնդիր է համարում Երևանի տրանսպորտի խնդրի լուծումը: «Հանրային տրանսպորտի խնդիրը  լուծելու համար մենք  ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը, ինչպես նաև անգլիական խորհրդատու կազմակերպության ներկայացած զեկույցը, որի դրվագները տեղ են գտել մեր նախընտրական ծրագրում:

Առաջարկվում է ունենալ քաղաքում միասնական երկու օպերատոր, որոնք կշահագործեն քաղաքային տրանսպորտը ամբողջությամբ: Հանրային տրանսպորտը լինելու է ամբողջությամբ արդիականացված շարժակազմով: Քաղաքում այլևս չեն լինելու միկրոավտոբուսներ և չեն լինելու կրկնվող գծեր, և չեն լինելու կանգառներում  կանգնած բազմաթիվ մարդիկ, ովքեր սպասում են տրանսպորտին»,- ասաց Խաժակյանը:

Նրա խոսքով` փորձը ցույց է տալիս, որ մեկ օպերատորի առկայությունը բերում է ոլորտում մենաշնորհի և ցածր սպասարկման որակի, ինչպես եղավ աղբահանության ոլորտում:

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց, որ այս ընտրությունները շատ կարևոր են Հայաստանի Հանրապետության համար:

«Սա կոնկրետ քաղաքական ուժի հարց չէ, այլ Հայաստանի հարցն է, որ հեղափոխությունից հետո ամենամեծ թվով ընտրողներ և տնտեսություն ունեցող քաղաքը արտահերթ ընտրությունների փորձության ճանապարհով է անցնում: Մեր ավագանու թեկնածուները ներկայումս «Ելք» խմբակցության  անդամներ են, ովքեր իրենց օրնիբուն աշխատանքով ցույց են տվել, թե ինչպես պետք է լինել պատասխանատու, հաշվետու և հետադարձ կապ պահել քաղաքացու հետ և երևանցու խնդիրը ամեն օր բարձրացնել: Նրանք, որպես ընդդիմություն, լավ են աշխատել, գիտեն քաղաքի խնդիրները, փորձ ունեն և բոլորը ճանապարհ անցած մարդիկ են»,- ընդգծեց Մարուքյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին