Կարևոր իրադարձություններ

Ինչ է խոստանում Հայկ Մարությանը երևանցիներին

10 Սեպտեմբեր, 2018 20:31
 Ինչ է խոստանում Հայկ Մարությանը երևանցիներին

Այսօր Էրեբունիում նախընտրական հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարեց, որ սեպտեմբերի 23-ին հազվադեպ հնարավորությունն է լինելու՝ ընտրել, թե ով է ղեկավարելու Երևանը: Նա ներկայացրեց դաշինքի նախընտրական ծրագիրը, որը բաղկացած է 50 կետից: Որպես «առանցքային քայլ»՝ Մարությանը նշեց ուղիղ ժողովրդավարությունը, որ ամենակարևոր հարցերի շուրջ անցկացվելու են հանրաքվեներ:

Տրանսպորտը, նրա խոսքով, ոչ թե Ա կետից Բ կետ տեղափոխվելու հարց է, այլ պատվի հարց. «Ինձ համար ամոթ է, երբ մեր բնակիչները կռացած են գնում գործի, կռացած են գալիս գործից տուն, ամառվա շոգին շոգելով են գնում, ձմեռը՝ մրսելով»։

Մարությանը նշեց, որ իրենց կարևոր խնդիրն է սկզբից ձերբազատվել «մարշրուտկա» կոչվածներից, արդիականացնել ամբողջ տրանսպորտային ցանցը, ներմուծել միասնական տոմս և ներդնել զեղչային համակարգ բնակչության հատուկ խմբերի համար, գծերն ու գծատերերն իսպառ վերանալու են, լինելու են նոր երթուղիներ, նոր կանգառներ, ներմուծվելու են ավտոբուսներ: Մարությանը խոստացավ մետրոյի առնվազն մեկ կայարանի կառուցում, որի աշխատանքները 30% կատարվել են ԽՍՀՄ տարիներին, հետո փլուզում է եղել. «Սա բավականին թանկ հաճույք է՝ մոտ 50-100 մլն դոլար մեկ կիլոմետրը: Համենայն դեպս, մենք գտնելու ենք գումարներ իրականացնելու համար այս ծրագիրը»:

Իր բնորոշմամբ՝ ամենացավոտ հարցի՝ աղբահանության պատասխանատու Մարությանը նշեց նախկին իշխանություններին, որոնք միայն մեկ օպերատոր են ընտրել այդ ոլորտում: Նրա խոսքով՝ «Սանիտեքը» փաստացի չի կարողանում սպասարկել Երևանը, որովհետև ոլորտում մենաշնորհ է, իսկ նոր օպերատորների հայտնվելու դեպքում խնդիրը կլուծվի: Միաժամանակ քաղաքապետի թեկնածուն կոչ արեց քաղաքացիներին սիրել և մաքուր պահել Երևանը:
 

Լրահոս

Դիտել ավելին