Կարևոր իրադարձություններ

«Ժառանգության» քարոզարշավը մեկնարկեց Շառլ Ազնավուրի հրապարակից

10 Սեպտեմբեր, 2018 14:25
«Ժառանգության» քարոզարշավը մեկնարկեց Շառլ Ազնավուրի հրապարակից

«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում իր քարոզարշավը սկսեց Շառլ Ազնավուրի հրապարակից: 

«Սա լինելու է նոր Երևանի նոր ավագանի, որը օր ու գիշեր բոլոր հարցերը լուծելիս լինելու է ձեզ հաշվետու: Եթե ես վայելեցի երևանցիների մեծամասնության քվեն, իմ ամենօրյա, 24-ժամյա աշխատանքով լինելու եմ Երևանի քաղաքացիների ծառաներից մեկը: Սեպտեմբերի 23-ին Երևանն ունենալու է քաղաքացիական քաղաքապետարան: Մենք մասնագետներով շրջապատված լուծում ենք տալու մեր հին ու նոր մայրաքաղաքի բոլոր հարցերին ու խնդիրներին: Միասին կերտելու ենք առաջատար Երևան, որը մրցակցելու է աշխարհի մայրաքաղաքների հետ ու իր ոգով, իր հզորությամբ դառնալու է առաջնորդ մայրաքաղաք»,- ասաց Ժառանգության կողմից քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ իրենք մինչև քարոզարշավի ավարտը լինելու են Երևանի բոլոր՝ 12 համայնքներում:

«Վաղը կսկսենք Նուբարաշենից, երեկոյան կհասնենք Ավան և Նոր Նորք: Լինելու ենք բոլոր համայնքներում: Մենք լինելու ենք մեր բնական վիճակի մեջ»,- ասաց Հովհաննիսյանը: Ժառանգություն կուսակցությունը իր քարոզարշավը կավարտի Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

 «Էլեկտրատրանսպորտը, էլեկտրական ավտոբուսները մեր թիրախն են լինելու: Ժառանգության կառավարման ընթացքում պետք է նվազագույնը մեկ մետրոյի կայարան կառուցվի, եթե հնարավոր լինի ավելի շատ կառուցել, ավելի լավ կլինի: Դրա հետ մեկտեղ որոշ կայարաններում պետք է ալտերնատիվ մուտքեր ստեղծել»,- նշեց ավագանու ցուցակում ներկայացված Ժառանգության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին