Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավից առաջ պաստառ փակցնելն օրենքի խախտում չի համարում

09 Սեպտեմբեր, 2018 16:03
«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավից առաջ պաստառ փակցնելն օրենքի խախտում չի համարում

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ պաստառներ փակցնելը օրենքի խախտում չէ: «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին նշեց դաշինքի ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը՝ հավելելով, որ դա զուտ տեխնիկական հարց է։ «Ընդհանրապես ոչ մի օրենքի խախտում չկա: Մեր դեպքում սա ընդամենը տեխնիկական հարց է, քանի որ պետք է հասցնեինք բոլոր պաստառները փակցնել: Այն ընկերությունը, որը փակցնում է դրանք, փակցնելու աշխատանքները սկսել է 2 օր առաջ, բայց ավարտելու է այն 4 օր անց: Վերջին պաստառը փակցվելու է ամսի 14-ին»,- ասաց Մարությանը:

Դաշինքից ավագանու թեկնածու Գայանե Աբրահամյանը հավելեց, որ այստեղ օրենքի բաց կա:

«Օրենքը սահմանում է, որ քարոզչություն իրականացնել չի կարելի միայն ընտրության օրը և ընտրության նախօրդող օրը: Այսպես է նաև ընտրակաշառքի պարագայում, քանի որ քարոզարշավից առաջ ցանկացած օգնություն կամ աջակցություն չի դիտարկվում որպես ընտրակաշառք»,- ընդգծեց Աբրահամյանը:

Մարությանն անդրադարձավ նաև այս օրերին հեռուսատեսությամբ ցուցադրվող իր մասնակցության ֆիլմերին: Քաղաքապետի թեկնածուն ասաց, որ դրանց ցուցադրումն իրենից կախված չէ։

Մարությանը նշեց, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո իրենք ամեն օրը նվիրելու են մեկ վարչական շրջանի ու իրենց ծրագիրը ներկայացնելու են հետաքրքիր ոճով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին