Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինը լուրջ զրույցի է տրամադրված Նիկոլ Փաշինյանի հետ. «Կոմերսանտ»

08 Սեպտեմբեր, 2018 15:28
Վլադիմիր Պուտինը լուրջ զրույցի է տրամադրված Նիկոլ Փաշինյանի հետ. «Կոմերսանտ»

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կնդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և սա կդառնա նրանց արդեն երրորդ հանդիպումը: «Կոմերսանտ»-ն անդրադարձել է սպասվող հանդիպմանն ու հարցերին, որոնք, ամենայն հավանականությամբ, կքննարկեն երկու երկրների ղեկավարները:

Նշվում է, որ Կրեմլում հայտարարել են «լուրջ խոսակցության» մասին, քանի որ Մոսկվան «շատ պահանջներ ունի» մայիսին Հայաստանի կառավարությունը գլխավորած քաղաքական գործչի հանդեպ:

Ըստ «Կոմերսանտ»-ի, Մոսկվային զայրացնում է Հայաստանի նախկին ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդումը և ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, որի հետևանքով կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է անցնել Բելառուսին: Հիշեցնենք, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1»-ի գործով մողադրանք է առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

Ռուսական պետական կառույցներում «Կոմերսանտ»-ի զրուցակիների խոսքերով՝ Պուտինը մտադիր է բարձրացնել Հայաստանի նախկին ղեկավարների նկատմամբ սկսված քրեական հետապնդումների, մասնավորապես՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը, որոնք մեղադրվում են իշխանության յուրացման համար:

Նշվում է, որ Կրեմլին դա դուր չի գալիս մի քանի պատճառով: Ինչպես նշել է լրատվամիջոցի զրուցակիցը, Ռոբերտ Քոչարյանն այն «սակավաթիվ մարդկանցից է, որին Վլադիմիր Պուտինն իր ընկերն է համարում»: Նրանց թվում են Սիլվիո Բեռլուսկոնին և Գերհարդ Շրյոդերը (Իտալիայի նախկին վարչապետն ու Գերմանիայի նախկին կանցլերը):

Նշվում է, որ Պուտինի հատուկ վերաբերմունքը Քոչարյանի հանդեպ ընդգծվել է օրերս. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ օգոստոսի 31-ին՝ Քոչարյանի ծննդյան օրը, Պուտինը զանգահարել է նրան և անձամբ շնորհավորել 64-ամյակի կապակցությամբ:

Բացի այդ, հոդվածում ասվում է, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ սկսված դատական հետապնդումը լուրջ վնաս է հասցրել ՀԱՊԿ-ի հեղինակությանը և անդրադարձել կազմակերպության աշխատանքի վրա: Առանձին դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ հայկական իշխանությունները չեն նախազգուշացրել գործընկերներին իրենց պլանների մասին:

«Սա կարելի էր անել հանգիստ՝ սպասելով ՀԱՊԿ-ի նիստին և բացատրելով իրավիճակը»,- ասել է «Կոմերսանտ»-ի զրուցակիցը:


Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ժամանել է Մոսկվա: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն ավելի վաղ հայտնել էր, որ կառավարության ղեկավարը սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

 

Լրահոս

Դիտել ավելին