Երևանցիներն ընտրում են և Նիկոլ Փաշինյանին և ինձ: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետի «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը:
Խոսելով այն քննադատության մասին, որ քաղաքապետի թեկնածուն իր ֆիլմերում կեղծամ է դրել, «բիգուձի» է փաթաթել՝ Մարությանն ասաց, որ ինքը պրոֆեսիոնալ դերասան է, խաղացել է իր դերը լավ և երջանկացրել իր հանդիսատեսին:
«Հետագայում իմ գործողություններից ժպտալու են մարդիկ»,- ասաց Մարությանը: Ըստ նրա՝ այն կոնտենտը, որը ստեղծել է ինքը, որակյալ է եղել: Իսկ քննադատությունը, որ այդ ֆիլմերը նայել են երեխաները, Հայկ Մարությանն ասաց, որ կոնտենտը հաշվարկված չէ երեխաների համար, ֆիլմերը 12+ են, «ծնողները թողել են 5-6 տարեկան երեխաներին նայել»:
Դիտարկմանը, թե ասում են՝ քայլեցիք Փաշինյանի հետ, որ պաշտոն ունենաք, նա պատասխանեց. «88թ.-ից մտածել էի, որ գամ այս օրվան»:
Նա ասաց, որ Երևանի բնակիչները պետք է որոշեն, թե ինչպիսին պետք է լինի իրենց քաղաքը:
Ինչ վերաբերում է քաղաքային խնդիրներին, ապա Հայկ Մարությանն ասաց, որ «մեզանում տրանսպորտը բացակայում է»: «Մեր ծրագրում տրանսպորտի հարցը կարևոր տեղ է զբաղեցնում: Մեր պատկերացմամբ՝ դուրս են գալիս գազելներ կոչվածները: Երբ նստում ես գազել, նախ նվաստացուցիչ ա կռացած գնալը: Ես երիտասարդ եմ, կարող եմ գնալ, բայց մեծահասակների համար մեծ խնդիր է: Այնքան վատ վիճակում գազելներ կան, որ չգիտես՝ տեղ կհասնես, թե ոչ: Մեր ծրագրով գազելները հանվում են միանգամից: Ոչ թե աստիճանաբար, այլ՝ միանգամից»,- նշեց նա:
Ըստ նրա՝ առաջարկում են միասնական տոմս, որից կարելի է օգտվել ավտոբուսից, մետրոյից: «Դրանք լինելու են կես ժամանոց, մեկ ժամանոց, մի քանի օրանոց: Րոպեով գնելը ավելի էժան կարող է լինել: Երկու-երեք տրանսպորտ փոխելը կարող է 200-ից 300 արժենալ, բայց հիմա կլինի 120 դրամ»,- ասաց նա:
Նա նշեց, որ կա երկու ճանապարհ՝ իրականացնելու այս ծրագիրը՝ վարկ վերցնել կամ գտնել օպերատոր, որը կբերի շարժական գույք ու քաղաքապետարանի վերահսկողության տակ կիրականացնի:
Ծրագրում, Մարությանի փոխանցմամբ, առնվազն մեկ մետրոյի կայարան կառուցելու կետ կա: