Կարևոր իրադարձություններ

Ալեքսանդր Սարգսյանի որդու կալանքը փոխելու, կամ անփոփոխ թողնելու հարցի քննությունն ավարտվեց

07 Սեպտեմբեր, 2018 18:43
Ալեքսանդր Սարգսյանի որդու կալանքը փոխելու, կամ անփոփոխ թողնելու հարցի քննությունն ավարտվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվում է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի կալանքի վերաբերյալ հարցը:  Դատական նիստը դռնբաց էր։


Դատարանն այսօր քննում է խափանման միջոց կալանավորումը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու մասին հարցը։

Հիշեցնենք որ, Հայկ Սարգսյանը կալանավորված է հուլիսի 11-ից ։


 Երեմ Սարգսյանը միջնորդեց բացարկ հայտնել մեղադրող դատախազ Առաքելյանին, որին ևս դատարանը հայտնեց,որ չի անդրադառնա. «Կալանքի փոխելու, անփոփոխ թողնելու կամ վերացնելու հարցը դատարանը կարող է քննել նաև առանց դատախազի ներկայության, նշեմ, որ բացակա է նաև տուժող կողմը»։

Միջնորդության վերաբերյալ մեղադրող դատախազն ասաց, որ կալանքը պետք է մնա անփոփոխ, որովհետև 2007-ին ճնշումներ են գործադրվել տուժողի ու վկայի նկատմամբ, ինչի պատճառով հանցագործությունը չի բացահայտվել. «Բացի այդ, սույն թվականի հուլիսի 4-ին Հայկ Սարգսյանին վարույթն իրականացնող մարմնին են ներկայացրել Զվարթնոց օդանավակայանից, ինչը հիմք է տալիս կարծելու, որ թաքնվելու հիմքեր կան։ Ուստի, կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու հարցը պետք է մերժվի»։

Պաշտպան Երեմ Սարգսյանը նախ դատարանից ճշտեց, թե ինչ կարգավիճակով է Առաքելյանը դիրքորոշում հայտնում, որովհետև նրան բացարկի միջնորդություն է ներկայացված, դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց. «Մեղադրողի»։

Այնուհետև պաշտպանն ասաց,որ միջնորդում է մեկ օրով կամ ողջամիտ ժամկետով հետաձգել դատական նիստը, որպեսզի դատավորին ինքնաբացարկ ներկայացնի, և բացի այդ իրեն տրամադրեն նիստի ձայնագրությունը։

Դատավորը դատական նիստն ընդմիջեց ընդամենը 15 րոպեով՝ ասելով,որ նիստի ձայնագրությունը կտրամադրվի նիստից հետո։

Ընդմիջումից հետո դատավորը կրկին հարցի վերաբերյալ հարցրեց պաշտպանական կողմի դիրքորոշումը, ինչին ի պատասխան Երեմ Սարգսյանն ասաց. «Հարգելի՛ դատարան, Ձեր կողմից տրամադրված «ողջամիտ» 15 րոպեն ինձ չօգնեց, ուստի ես կրկին միջնորդում եմ, որպեսզի ինձ տրվի 1 օր ժամանակ ինքնաբացարկին պատրաստվելու համար։ Ես խնդրում եմ ինձ թույլ տալ լքել նիստերի դահլիճը, որովհետև ես չեմ կարող իրականացնել իմ պարտականությունը, դատարանը թույլ չի տալիս ինձ իրականացնել պաշտպանությունը։ Դուք ինքնաբացարկի ենթակա դատավոր եք»։

Դատարանը հարցրեց Հայկ Սարգսյանի դիրքորոշումը, թե ցանկանում է, որպեսզի առանց իր պաշտպանի ներկայության շարունակվի դատական նիստը, ինչին Հայկ Սարգսյանը բացասական պատասխան տվեց։

Դատարանն արձանագրեց, որ պաշտպանը խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում, ինչին ի պատասխան Երեմ Սարգսյանն ասաց, որ խնդրում է՝ որոշման մեջ անդրադառնա ՄԻԵԴ-ի այն որոշմանը, որով արձանագրվում է, որ կալանավորումը ամենախիստ խափանման միջոցն է։

«Ու երբ նշվում է, թե Հայկ Սարգսյանին օդանավակայանից են բերման ենթարկել, երբ ինքը արձակուրդ էր ձևակերպել, տեղյակ չէր, որ քրեական գործ կա հարուցված ու ընտանիքով մեկնելու էր հանգստի։ Նկատի ունեցեք, որ յոթ օրվա մեջ ուղիղ չորս անգամ ծանուցագիր է տրվել Հայկ Սարգսյանին, և նա պատշաճ կարգով ներկայացել է, թե յոթ օր հետո ինչու ստորագրությունը փոխվեց կալանքի ու գրավն անթույլատրելի է, խնդրում եմ՝ այդ հանգամանքներն, այնուամենայնիվ, նկատի ունենալ»։

Դատարանը հայտարարությունը դիտեց որպես դիրքորոշում և հարցրեց, թե որքան գրավ են նախատեսում,ասացին, որ թողնում են դատարանի հայեցողությանը.«Այն չափը, որը դատարանը կգտնի, որ կապահովի մեղադրյալի պատշաճ կարգը, մենք պատրաստ ենք վճարել, Հայկ Սարգսյանի ընկերները նման պատրաստակամություն հայտնել են»։

Դատախազը կրկին առարկեց՝ նշելով,որ գրավի կիրառումն անթույլատրելի է։

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին։

Հայկ Սարգսյանի ընկերները, ովքեր ներկա էին դատական նիստին, ավարտին բացականչեցին «ազատություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին