Կարևոր իրադարձություններ

Քննվում է Ալեքսանդր Սարգսյանի որդու կալանքի հարցը

07 Սեպտեմբեր, 2018 17:06
Քննվում է Ալեքսանդր Սարգսյանի որդու կալանքի հարցը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվում է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ հարցը:

Հայկ Սարգսյանն ասաց, որ ամուսնացած է, ունի երկու երեխա՝ հինգ և երեք տարեկան: Նա նշեց, որ առողջական որոշ խնդիրներ ունի, բայց չցանկացավ ներկայացնել, թե ինչ խնդիրների մասին է խոսքը: Ասաց, որ ունի բարձրագույն կրթություն, աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես հասարակական կարգի պահպանության պետի տեղակալ: Նշեց, որ սովորել է իրավաբանության ֆակուլտետի բակալավրիատում, ապա ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան:

Հայկ Սարգսյանի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ քրեական գործի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ներկայացված փաստաթղթերը պատճեններ են, դատարանը պետք է համոզվի՝ արդյո՞ք դրանք հավաստի են, պատշաճ են.

«Եթե որևէ փաստաթուղթ բնօրինակ չէ, ապա վարույթ իրականացնող մարմինը պետք է հավաստի դրանց ճշտությունը: Մենք այդ փաստաթղթերի ճշտության մասով կասկածներ ունենք, ուստի հիմա դժվարանում եմ հասկանալ, թե դատարանն ինչպես պետք է ոչ հավաստի փաստաթղթերի հիման վրա դատական որոշում կայացնի»:

Մեղադրող կողմը նշեց՝ բոլոր այն պատճենները, որոնք դրված են մեղադրանքի հիմքում, պատշաճ վավերացված են:

Դատարանը լսելով կողմերին՝ հայտնեց, որ պաշտպանի միջնորդությունը թողնում է առանց քննության. «Դուք այդ միջնորդությունը դատաքննության ընթացքում ներկայացնելու հնարավորություն կունենաք»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ դատարանն այս գործով ակնհայտ կաշկանդվածություն ցույց տվեց. «Ես ասում եմ՝ դատարանին ներկայացված գործի նյութը պատշաճ կարգով վավերացված չէ: Ես ուղղակի հորդորում եմ՝ մի կողմ թողնել կաշկանդվածությունը և իրականացնել արդար դատաքննություն»:

Այս պահին դատական նիստն ընթանում է, մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

 

Լրահոս

Դիտել ավելին