Կարևոր իրադարձություններ

Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը Ռուսաստանն իր տարածքում չեղարկել է

07 Սեպտեմբեր, 2018 10:35
Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը Ռուսաստանն իր տարածքում չեղարկել է

Ռուսաստանի Դաշնության իշխանություններն իրենց տարածքում չեղարկել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված ԱՊՀ միջպետական հետախուզումը: Այդ մասին interfax.ru-ին հայտնել է քաջատեղյակ աղբյուրը:

«2008թ. Երևանում մարտի 1-ի դեպքերի համար մեղադրվող Հարությունյանի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունից հետո որոշվել է ՌԴ տարածքում չեղարկել նրա նկատմամբ հետախուզումը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա մանրամասնել է, որ այսպիսով՝ ՌԴ տարածքում նախկին նախարարին ոչինչ չի սպառնում: Բայց եթե Հարությունյանը հայտնվի ԱՊՀ երկրներից որևէ մեկում, նրան կարող են ձերբակալել ու արտահանձնել  Հայաստանին:

Աղբյուրը հավելել է, որ  պաշտպանության նախկին նախարարի ձերբակալման ու արտահանձնման վերաբերյալ դիմումը Մոսկվան վերջերս է ստացել և ոչ թե ՀՀ գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման գծով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը կմերժի Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու հարցում, քանի որ նա ՌԴ քաղաքացիություն ունի:

Քաջատեղյակ աղբյուրը նշել էր, որ արտահանձնումը կմերժվի, քանի որ Հարությունյանը 2002 թվականից ռուսական անձնագիր ունի:

Հայտնի է, որ ՌԴ սահմանադրության համաձայն՝ երկրի քաղաքացին չի կարող արտահանձնվել այլ երկրի՝ նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկվելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին